Մատչելիության հղումներ

ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հիվանդասենյակի դուռը երեխայի ծնունդից հետո մի ամբողջ օր ոչ մի բժիշկ չի բացել


ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հիվանդասենյակի դուռը երեխայի ծնունդից հետո մի ամբողջ օր ոչ մի բժիշկ չէր բացել։ Ներկայանալ չցանկացող կինն ասում է, որ մի քանի տարի առաջ իրեն արհամարհեցին միայն այն պատճառով, որ ՄԻԱՎ ունի։

Ամեն ինչ, հիշում է կինը, սկսվեց բուժկենտրոնի տնօրենի աշխատասենյակից. - «Բժիշկն ասեց, որ մոտեցի մի հատ տնօրենին։ Ես մոտեցա տնօրենին, ասեց՝ դու գիտե՞ս, որ պետք ա դու առանձին սենյակում մնաս, որովհետև վտանգավոր ես, և քո բոլոր պարագաները, ինչ որ օգտագործվում ա քո համար, պետք ա գնես... Բավականին գումար էր կազմում էդ խալաթները, էդ ամեն ինչը, ինչ որ պետք ա օգտագործվեր իմ համար։ Ամուսինս ասեց մենք գումար չունենք, մենակ կարանք սենյակի գումարը վճարենք։ Ես պետպատվերով էի»։

Կինն ասում է, որ գոնե բժիշկները պետք է չմոռանան, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, արյան միջոցով, կերակրող մորից երեխային ու վերջ: Բայց հենց հիվանդանոցում, գլխին թափված հարցերը, թե որտեղի՞ց, ումի՞ց ու ինչպե՞ս ես վարակվել, ի վերջո ստիպել են, որ ասի՝ արտագնա աշխատանքից վերադարձած ամուսնուց։

Հիվանդանոցի տնօրենի պահանջը չի կատարել, բժշկական ոչ մի անհատական գործիք չի գնել, որովհետև, կարծում է, ինքը չէ, որ բժշկին պետք է հուշի, որ այդ պարագաները պատշաճ ախտահանելիս ոչ մի վարակ մյուսին չի կարող փոխանցվել. - «Քույրերը, սանիտարկեքը, բոլորը ինձ մի ձևի էին վերաբերվում, վախենալով։ Ինչին կպնում էի, գրիչն էի վերցնում, որ ստորագրեմ, իրանք մաքրում էին իմ ներկայությամբ։ Մինչև առավոտ ինձ ո'չ մեկ ոչ մոտիկացել ա, ո'չ ասել ա ոնց ես... Դեղերի ազդեցությունը որ թողել ա, արդեն ցավեր էր բռնում ահավոր։ Ոչ էլ գալիս էին նայեին կարերս ինչ վիճակում ա։ Հետո հարազատներս էկան, մտան տնօրենի մոտ։ Մեկ էլ տենամ բժիշկներն արդեն լցվեցին, մեկը կարերս ա նայում, մեկը ցավազրկում ա...»

Երևանում կայացած կանանց ֆորումում քաղհասարակության ու կառավարության ներկայացուցիչները երեկ մի քանի ժամ շարունակ քննարկեցին, թե հատկապես որ հաստատություններում են խտրականության ենթարկվում ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ (հատկապես կանայք), այլև թմրանյութեր օգտագործող ու այդ կախվածությունից բուժվողները, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս մարդիկ։

«Ոչինչ մեզ համար՝ առանց մեզ». կանանց ֆորումի այս կարգախոսն էլ ուղերձ է պետական այրերին։

Ֆորումի կազմակերպիչ՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ղեկավար Ժենյա Մայիլյանն ասում է՝ օրենքներ մշակողները պետք է աշխատանքային խմբերում ներառեն նաև օրենքների հասցեատերերին։ Հակառակ դեպքում դրանք ընդունվում են, իսկ հասցեական լուծումներն օդում են մնում. - «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման աշխատանքային խումբ կա նախարարի հրամանով ստեղծված։ Այդ խմբում չկա ՄԻԱՎ-ով ապրող կին, որը կկարողանա պատմել բոլոր այն խնդիրների մասին, թե ինչու, օրինակ, ինքը դուրս է մնում առողջապահական համակարգից, կամ ինչու է էնպես ստացվել, որ նա ունեցել է ՄԻԱՎ-ով ապրող երեխա»։

Առողջապահության նախարարությունը, ըստ Մայիլյանի, բոլոր ահազանգերի հետքերով գնում է, փորձում է պարզել խնդիրը, բայց համակարգային մոտեցում չկա, որ խտրականության ենթարկված մարդը իմանա, թե ում դիմի, ինչից սկսի, ինչի սպասի. - «Վերջին տարիներին թերևս փորձ է արվում հասարակական կազմակերպություններին և տարբեր հանրույթներին ներգրավել, օրինակ, նախարարներին կից հասարակական խորհուրդներում։ Դրանք բավարար չեն»։

Փորձագետները կարծում են, որ խտրականության դեպքերը գուցե նվազեն, եթե դպրոցներում երեխաներին մատչելի լեզվով բացատրեն, թե որն է իր մարմնի սահմանը, ինչպես անվտանգ ապրել, ինչ է բռնությունն առահասարակ։ Վիճակագրությունը փաստում է, որ բռնության և խտրականության հաճախ ենթարկվում են իրենց իրավունքների մասին պատշաճ կրթություն չստացած մարդիկ. - «Բռնության ընկալումը... մեր մանկավարժների կողմից համապարփակ ընկալում չկա նաև էն պատճառով, որ մենք դա ուղղակի իրենց չենք սովորեցրել»։

Կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասում է՝ դա նախ ուսուցիչներին են փորձում բացատրել։ Նա ընդունեց, որ խնդիրներ կան։ Տավուշի մարզում փորձարկված ծրագիրը, ասաց, շուտով երկրի բոլոր դպրոցներում կգործի. «առողջ ապրելակերպ» դասավանդող ուսուցիչների շարքում նաև հոգեբաններ կլինեն, խմբային դասընթացում նաև այս հարցերը կքննարկվեն սկսած ցածր դասարաններից. - «Որպես դասընթաց խմբակը վարում է հինգերորդ դասարանից, իսկ առողջ ապրելակերպին վերաբերող որոշակի նյութեր ինտեգրված են առաջինից չորրորդ դասարաններում։ Հենց էդպես էլ կոչվում է դասը մեր «Առողջ ապրելակերպ» դասընթացում՝ մարմնի սահմանները, որ երեխան կամ դեռահասը արդեն հստակ ճանաչի իր մարմնի սահմանները»։

ՄԻԱՎ-ով ծնված դեռահաս աղջիկը իր փորձից է հիշում՝ ուսուցիչն այդպես էլ չկարողացավ բացատրել, որ ՄԻԱՎ ունեցող կինը կարող է առողջ երեխա ունենալ։ Մայրը չի իմացել, որ ՄԻԱՎ ունի, ծննդաբերել է, կրծքով կերակրել ու հենց այդպես էլ իրեն վարակել։ Բայց հիմա ինքն էլ մայրն էլ գիտեն՝ եթե ՄԻԱՎ-ով ապրող հղին բժշկի հսկողության տակ լինի, նշանակված հաբերը պարտաճանաչ խմի, երեխան կեսարյան հատմամբ ծնվի, ծնվելուց հետո որոշ ժամանակ կանխարգելիչ օշարակ խմի՝ ապա չի վարակվի։ Ուսուցչին չի հակադարձել, որովհետև մտավախոթւոյւն ուներ՝ բա որ դասընկերները կասկածեն իր վարակակիր լինելու մասին։ «Թեև ծանր չեմ տանի, եթե անգամ իմանան»,- ասաց մեր դեռահաս զրուցակիցը՝ հավելելով, կարևորն ինքը գիտի ինչպես ապրի, որ ոչ իր, ոչ էլ դիմացինի կյանքը չվտանգի։

Երազում է, այնպիսի հասարակությունում ապրել, որ մարդիկ խտրականության չենթարկվեն առհասարակ. - «Ոչ մեկ ապահովագրված չի։ Իրանք գալիս են, մեղադրում են։ Չգիտեն համ էլ ճանապարհները։ Եթե չգիտեն, ուրեմն կարա հենց իմ մոտ կասկած առաջանա, որ իրանք ունեն ՄԻԱՎ։ Ո՞նց կարա ինքը ինձ մեղադրի, կամ իմ մեջ մտցնի էն, որ ես նեղվեմ՝ վայ, էս մարդը սենց ա մտածում իմ մասին, հեսա կգնա սաղին կասի... Օքեյ, թող գնան ասեն։ Եթե լսողները էղան ադեկվատ, իրանք կգան, հաստատ իմ հետ կխոսան, ու հաստատ ես կբացատրեմ։ Եթե ադեկվատ չեղան, իրանց խնդիրն ա»։

Որ այս աղջնակի երազանքն իրականություն դառնա «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն կառավարությանն առաջարկում է խտրականությունը կանխարգելող և պատասխանատվություն սահմանող առանձին համապարփակ օրենսդրություն մշակել։

Արդարադատության նախարարությունից վստահեցնում են՝ աշխատում են այս ուղղությամբ, բայց արդյո՞ք առաջարկն օրենք կդառնա, դեռ հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG