Մատչելիության հղումներ

ՄԻԱՎ-ով ապրող տարեց տղամարդը չի կարողանում օգտվել բարեգործական ճաշարաններից ու ապրել խնամքի կենտրոններում. օրենքն է արգելում


«Աշխարհում հայտնի այն փաստը, որ ՄԻԱՎ-ը միայն սեռական ճանապարհով ու արյան միջոցով է փոխանցվում, Հայաստանում օրենք գրողներին չի հետաքրքրել»,- ասում է ՄԻԱՎ-ով ապրող 71- ամյա Սամվել Կոստանդյանը, որը երկու ոտքերից զրկվելուց հետո չի կարողանում օգտվել բարեգործական ճաշարաններից ու ապրել խնամքի կենտրոններում, որովհետև օրենքն է արգելում:

«Ամեն օր պառկելուց գիշերը ասում եմ՝ Աստված ջան, նենց արա՝ առավոտ չհելնեմ, էս ի՞նչ կյանք ա», - ասում է միայնակ տարեց տղամարդը, որ արդեն մեկ տարի է՝ բնակվում է Սոցապնախարարության ենթակայությամբ գտնվող շենքի նեղլիկ մի սենյակում։ Այստեղ հասավ, երբ դեռ մեկ ոտքն էր ամպուտացված։ 15 քառակուսի մետրանոց սենյակը ստանալու համար այդ վիճակում օրեր շարունակ չէր հեռանում նախարարության շենքից։ ՀԿ-ներից մեկի աջակցությամբ ու ԶԼՄ-ների անդրադարձից հետո միայն նախարարությունը նրան այս տարածքը հատկացրեց։

Երկու ամիս առաջ նոր խնդրի առաջ կանգնեց՝ բժիշկներին չհաջողվեց փրկել նրա մյուս ոտքը։ Հիմա, երբ արդեն երկու ոտքերը չունի, չի կարողանում ինքնուրույն հոգալ կարիքները, անգամ մոտենալ գազօջախին ու սնունդ պատրաստել։

Խնամակալի կարիք ունի, բայց նրան վարձատրելու գումար չունի, ապրում է 34 հազար դրամ թոշակով, հենց այդքան էլ պետք է վճարի ձմռանը հոսանքի համար։ Փորձել է բարեգործական ճաշարան գնալ, նախ զանգահարել է ու այսպիսի պատասխան ստացել. «Բա դուք հիվանդություններ ունեք, էս ունեք, ինձ հետ շատ վատ խոսացին էդ հիվանդությունների բանով, ոնց որ ես չումա եմ: Խտրական ձևով խոսեցին: Ասում եմ հետո ի՞նչ, որ հիվանդ եմ, բայց, ասացի, ես թոքերով հիվանդ եմ եղել, թոքերս բուժված եմ, ՄԻԱՎ-ով հիվանդ եմ, ես ամեն օր դեղ եմ խմում, ՄԻԱՎ-ը չի վարակում մարդկանց: Դա միայն սեռական հարաբերությունների ժամանակ է փոխանցվում, կամ ասենք նույն շպրիցով եթե սրսկվենք երկու հոգի, էդ դեպքում է մենակ: Ուրիշ ձևի շփումով չի փոխանցվում: Ինձ ասացին դե հիմա, չգիտեմ, զանգել են մեզ, կա՛մ կլինի, կա՛մ չի լինի»:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ներից մեկի աջակցությամբ սնունդ ու անհրաժեշտ իրեր է ստանում, Սոցապնախարարությունն էլ է օգնում, օրինակ՝ եկել ու իր ժամանակավոր կացարանի սանհանգույցի դուռն են մեծացրել, որ կարողանա ներս մտնել, բայց գլխավոր խնդիրը չեն լուծում՝ շուրջօրյա խնամակալ չեն տրամադրում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պնդում է՝ հակադարձում է քաղաքացուն, ասում է՝ առաջարկել են, հրաժարվել է. «Այս պահին առաջարկում ենք գնահատված կարիքին համապատասխան երկուսից չորս օր խնամք, ինչը քաղաքացին չի համաձայնում ընդունել»:

Երկու ոտքից զրկված տղամարդը ասում է՝ բա շաբաթվա մյուս օրերն ինչպե՞ս ապրի, ոչ հարազատ ունի, ոչ էլ բարձր թոշակ է ստանում, որ կարողանա խնամակալին վճարել։ Ասում է՝ թող նախարարությունն այդ խտրական օրենքը փոխի, որ գոնե կարողանա ծերանոց գնալ, չմեկուսանա հասարակությունից։ Նեղսրտում է՝ հիվանդանոցներում էլ են կոպիտ վերաբերվում իրեն. «Տեսան էպիկրիզս, որ ՄԻԱՎ-ով հիվանդ եմ, մենակ տեսնեիր, թե ինչ կատարվեց, դավայ, դավայ, դու գնա ստեղից»:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ոչ միայն արգելում է բարեգործական ճաշարաններից օգտվել, այլև թույլ չի տալիս նրանց ծերանոցներում ապրել՝ ՄԻԱՎ-ը դասելով վարակիչ հիվանդությունների շարքին։ Սոցապնախարարությունը նոր է առաջարկում փոխել տարիներ շարունակ գործող այս օրենքը, մի քանի օր առաջ դիմել են կառավարությանն ու առաջարկել վերանայել հիվանդությունների ցանկն ու խնամակալների ծառայությունը դարձնել ամենօրյա ու շուրջօրյա. «Շրջապատի համար վտանգ ներկայացնելու հիմքով պետության կողմից խնամքի տրամադրման սահմանափակումներից առաջարկում ենք հանել ՄԻԱՎ վարակը և ոչ մանրէազատ տուբերկուլյոզը: Ուղարկվել է վարչապետի աշխատակազմ նախարարության կողմից մի քանի օր առաջ»:

ՄԻԱՎ-ով ապրող շուրջ 2000 շահառու ունեցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ից ասում են՝ 71-ամյա Սամվել Կոստանդյանը միակը չէ, ուղղակի շատերը հրաժարվում են խոսել իրենց կարգավիճակի մասին, հետևաբար նաև մյուս խնդիրներն են թաքցնում, բայց քնում են դրսում, սնունդն էլ հայթայթում ՀԿ-ների ու անցորդների օգնությամբ, նրանցից մեկն էլ, ասացին, վերջերս մահացել է։

«Բայց ես էս արևի տակ իմ տեղն ունենալու իրավունք ունեմ»,- ի տարբություն կարգավիճակը թաքցնող մյուս քաղաքացիների՝ ասում է «Ազատության» տարեց զրուցակիցը՝ հույսով սպասելով, որ առաջիկայում իրեն խնամակալ կհատկացնեն, որ իր համար էլ տաք ճաշ կպատրաստեն, որ չապրելու մասին էլ չի մտածի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG