Մատչելիության հղումներ

ՄԻԱՎ-ով ապրող անօթևանները կացարանի խնդիր են ունենում՝ գործող օրենքի պատճառով


Միայն այն պատճառով, որ ՄԻԱՎ վարակակիր է՝ 70-ամյա Սամվել Կոստանյանին օրենքով են արգելել բնակվել խնամքի կենտրոններում և օգտվել բարեգործական ճաշարաններից։

Ոտքի ամպուտացիայից հետո աշխատանքը կորցրած ու վարձով բնակարանից զրկված տղամարդը նեղսրտում է՝ վաղուց է հայտնի, որ իր պես պատշաճ բուժում ստացող մարդու օրգանիզմում վիրուսի քանակն այնքան քիչ է, որ այլոց վարակելու հնարավորությունը գրեթե բացառվում է։

«Ես ՄԻԱՎ ունեմ, իմ նման մարդկանց ո՛չ ծերանոցում, ո՛չ կացարանում տեղ չեն տալիս, հետո ես թոքերով հիվանդ եմ եղել, բայց բուժվել եմ: Ինձ ասում էին՝ «դուք հասարակության համար վտանգավոր եք, մենք չենք կարա ձեզ ոչ կացարանում տեղավորել, ոչ էլ ծերանոցում»: Մարդիկ, որ լսում են, որ ՄԻԱՎ ունի, շատ վատ են վերաբերվում», - ասաց Սամվել Կոստանյանը:

Ամպուտացված ոտքի վերքերը դեռ չլավացած՝ ՄԻԱՎ-ով ապրող տարեց տղամարդը, ձմռան ցրտին, ուղիղ 5 օր կառավարության շենքի առջև պահանջում էր իրեն ծերանոց կամ խնամքի որևէ հաստատություն տեղափոխել։ Փողոցում հայտնված տղամարդուն Սոցապ նախարարությունը միայն այս դրանից հետո կացարան տրամադրել, որքան ժամանակով՝ հայտնի չէ։

«Ճիշտն ասած, 5 օր ես գնացել եմ Սոցապ նախարարությունում նստել եմ, ասել են՝ «հարցին լուծում կտանք», ես էլ արդեն սկսեցի կասկածելը, լրագրող եկավ ես վատ բաներ ասացի, որ ինձ չեն ընդառաջում, ինձ դուրս են թողնում, բայց հիմա, փառք Աստծուն, հարցին լուծում տվեցին», - ներկայացրեց Կոստանյանը:

«Այս մեծ աշխարհում մեն-մենակ եմ մնացել։ Եթե ՄԻԱՎ-ով հիվանդ եմ՝ ինքնասպա՞ն լինեմ»,- հարցնում է տղամարդը։ Գոհ է՝ գլխին այժմ ծածկ ունի, բայց չգիտի՝ նախարարության հատկացրած շուրջ 15 քառակուսի մետրանոց տարածքում որքա՞ն կարող է ապրել։ 30.000 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում, բայց հենց այդքան էլ պետք է վճարի օդ ու ջրի պես իրեն անհրաժեշտ խնամակալին, իսկ կոմունալների և սնվելու համար գումար չունի։

Աշխարհում, ՄԻԱՎ-ով ապրող ու պատշաճ բուժում ստացող մարդիկ հանրային տարածքներից օգտվելու, անգամ ընտանիք կազմելու և առողջ երեխա ունենալու ոչ մի խոչընդոտ չունեն, իսկ Հայաստանում՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքն արգելում է նրանց ապրել խնամքի կենտրոններում և օգտվել բարեգործական ճաշարաններից։

«Oրենքում պետք է անհապաղ փոփոխություններ արվեն»

ՄԻԱՎ-ով ապրող 2000-ից ավելի շահառու ունեցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ»-ի նախագահ Ժենյա Մայիլյանն ասում է՝ օրենքում պետք է անհապաղ փոփոխություններ արվեն, սա ո՞ր դարն է։ Հիշեցնում է՝ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, արյան միջոցով, երբեմն նաև կերակրող մորից՝ երեխային ու վերջ:

«Աշխարհում նույնիսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդուց օրգանների փոխպատվաստում են անում: Կա հետկոնտակտային կանխարգելում, նախակոնտակտային կանխարգելում, Հայաստանում էլ այդ ծառայությունները հասանելի են, բայց մենք այսօր դեռևս ունենք մագաղաթի վրա գրված արձանագրություններ, որոնք շատ դժվար են փոփոխվում: Այս լուսավոր դարում մեր մոտ ՄԻԱՎ-ով ապրող մարդուն թույլ չեն տալիս, որ ընդհանուր կենցաղ կիսի, մինչդեռ փոխանցման ուղիները հստակ են, կարող է սեռական ճանապարհով փոխանցման հավանականության լինի, բայց կան պահպանակներ, կա կանխարգելում: Այս օրենքները վաղուց պետք է վերանայվեին: ՄԻԱՎ-ով ապրող մարդը ինքը իր հիվանդություններով, հատկապես եթե տարեց է, շատ խոցելի է և այս խտրականացնող օրենքներով մենք ավելի խոցելի վիճակում ենք դնում նրան», - ասաց Ժենյա Մայիլյանը:

Արդեն 19 տարի գործող այս կազմակերպության նախագահն ասում է՝ կին շահառուներ ունեն, որոնք ամենօրյա նվաստացումների ու բռնությունների են ենթարկվում ամուսինների կողմից, բայց քանի որ ՄԻԱՎ վարակակիր լինելու պատճառով ոչ մի կազմակերպություն չի ընդունում նրանց, շարունակում են այդ դժոխքում ապրել։ Պատմեց՝ մեկ տարի առաջ սայլը կարծես տեղից շարժվում էր, քննարկումներ էին սկսվել սոցապ փոխնախարարներից մեկի հետ, բայց նա ազատվեց աշխատանքից, սկսված աշխատանքն ընդհատվեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն «Ազատությանն» ասաց՝ ՄԻԱՎ-ը շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների շարքում Առողջապահության նախարարությո՛ւնն է դասել, եթե փոփոխությունների կարիք լինի՝ ապա հենց իրենք էլ պետք է նախաձեռնի։ Իսկ այսօր, գործող օրենքով, այո, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մուտքը խնամքի կենտրոններ սահմանափակվում է:

«Մենք հղում տվել ենք հենց այդ որոշմանը, որով չենք կարող ընդհանուր խնամքի որևէ հաստատություն տեղափոխել: Մյուս տարեցների առողջությունը չվտանգելու համար մեր դիրքորոշումը չի փոխվել և քաղաքացու առողջական վիճակն էլ չի փոխվել, բայց քանի որ քաղաքացին փաստացի մնացել էր դրսում, նախընտրելի տարբերակը, որպեսզի մյուսների հետ ընդհանուր խնամք չլինի որոշում կայացվեց իրեն տեղափոխել սոցիալական բնակֆոնդ», - ասաց Մանուչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG