Մատչելիության հղումներ

«ՄԻԱՎ վարակով կնոջը ԷԿՈ չեն արել». կնոջ խոսքով՝ հենց բժշկի կողմից է թիրախավորման ենթարկվել


«Ամենասկզբից անձամբ գնացել եմ հիվանդանոց ամուսնուս հետ, և այնտեղ երբ իմացան իմ կարգավիճակի մասին, միանգամից հրաժարվեցին, ասացին, որ եթե ունենար տղամարդը, և կինը չունենար, այդ դեպքում կարող էին ԷԿՈ (արտամարմնային բեղմնավորում- խմբ.) անել, բայց քանի որ կինն ունի, ՄԻԱՎ վարակով կնոջը ԷԿՈ չեն անում: Հենց բժիշն ա ինձ ասել, ասաց՝ մեր կարգերով է այդպես, մի քանի վիրավորական բառեր ասաց, որ ձեր նմանները ոնց են կարողանում ռիսկ անել, իրենք հիվանդ են, քիչ է, մի բան էլ հիվանդ երեխա լույս աշխարհ բերի»:

ՄԻԱՎ ունեցող կինը ամենաքիչը բժշկից է սպասել այսպիսի պատասխան։ «Ազատության» անանուն զրուցակիցն ասում է՝ «կարծում էի՝ նա գիտեր», որ մարդու իմունային անբավարարության վարակ ունեցող մարդը հետևողական բուժման արդյունքում կարող է առողջ երեխա ունենալ, հատկապես, երբ վարակն արդեն գերթե զրոյական մակարդակի է իր մոտ։ Բայց, հաջորդ պատասխաններն ավելի ցավոտ չլինելու համար, օնլայն է դիմել մի քանի բուժկենտրոններ, որ հասկանա՝ ՄԻԱՎ- ունի, կարո՞ղ է ԷԿՈ-ի միջոցով երեխա ունենալ:

«Նույն մերժումն եմ ստացել, էլի նույն հարցերն էին, այսինքն՝ իրենք պատրաստ էին անել ԷԿՈ, եթե ունենար ամուսինս միայն, իրենք ասում էին, որ լվանում են սերմը, որ լրիվ առանց վարակի կարող է, դրանից հետո... արտասահմանում, իհարկե, անում էին, բայց նենց ստացվեց, որ ոչ արդեն ֆինանս կար, ոչ էլ հնարավորություն, հրաժարվեցի այդ մտքից», - նշում է նա:

Կինն ասում է՝ բժիշկները տևական ժամանակ չեն կարողացել պարզել՝ ինչով է պայմանավորված թուլությունը, անգամ քաղցկեղ են կասկածել ու վիրահատության ուղղորդել, բայց վիրահատությունից առաջ ուռուցքաբանն է խորհուրդ տվել ինֆեկցիոն կենտրոն գնալ։ Հենց այնտեղ էլ ասել են, որ արդեն գտնվում է ՁԻԱՀ-ի վերջին՝ 4-րդ փուլում։ Ասում է՝ քչերին է հաջողվում ՁԻԱՀ-ի վերջին փուլից բուժման օգնությամբ վիրուսն օրգանիզմում այնքան ճնշել, որ ՄԻԱՎ-ի փուլին հասին։ ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վարակը, ընկճում է օրգանիզմը, այն խոցելի դարձնում բոլոր վիրուսների նկատմամբ։

Սովորաբար ՄԻԱՎ ունեցող մարդիկ ոչ մի ախտանաշան չեն էլ ունենում, այդպես կարող են ապրել 5-12 տարի, մինչև այն կհասնի ավելի բարդ վիճակի՝ ՁԻԱՀ-ի։ Այս մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ասում է՝ Հայաստանում 2022-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 430 նոր դեպք, որից 190-ը հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի փուլում:

«Սա շատ սարսափելի ցուցանիշ է այն առումով, որ եկեք պատկերացնենք, ՁԻԱՀ-ի փուլում գտնվող մարդը առնվազն 5-12 տարի ապրում է ՄԻԱՎ-ով, այսինքն՝ ամբողջ տարիների ընթացքում նա գուցե սեռական հարաբերությունների կամ արյան միջոցով ՄԻԱՎ վարակը փոխանցած լինի այլ մարդկանց: Դրանից բացի, ՁԻԱՀ-ի փուլում բացահայտվել նշանակում է ունենալ բազմաթիվ առողջական խնդիրներ», - ասաց նա:

ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի տարածաշրջանային կենտրոնի տվյալներով՝ աշխարհում ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվը նվազում է, միայն Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում է թիվն աճում։ Այս տարածաշրջանում է նաև Հայաստանը։ Նախորդ ողջ տարվա ընթացքում ՄԻԱՎ վարակի 470 դեպք է Հայաստանում գրանցվել, իսկ այս տարվա մինչև հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ արդեն 430։

Ժենյա Մայիլյանը կարծում է, որ այս տեմպերով եթե շարունակվի, ՀՀ-ն շուտով 500-ի շեմը կանցնի, այսինքն՝ գրանցվող նոր դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ 40-ով կավելանա:

ՄԻԱՎ-ը փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան ու կրծքի կաթի միջոցով։ ՄԻԱՎ ունեցող մարդը չի կարող վարակը փոխանցել այն դեպքում, եթե բժշկի նշանակած հաբերը պարտաճանաչ խմի ու վիրուսն արյան մեջ հասնի դժվար հայտնաբերվող մակարդակի։ Իսկ այդ վստահությունը նա կարող է ունենալ, եթե 3 ամիսը մեկ հետազոտվի։

Եթե առողջ մարդը սեռական հարաբերություն է ունեցել առանց պահպանակի կամ արյան հետ է շփվել կարող է 72 ժամը չլրացած դիմել բժշկի ու ստանալ այդ հաբերը և չվարակվել։ Բայց մարդիկ դեռ դժվար են դիմում բժիշկների, որովհետև հենց առողջապահական հաստատություներում էլ թիրախավորվում են, ասում է Մայիլյանը:

Հայաստանում ՄԻԱՎ-ի բուժումն անվճար է, այսօր էլ նախարարությունն է հայտարարել, որ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան է բացվել։ Բայց այս ամենին զուգահեռ ըստ զրուցակցիս՝ դեռ կան բժիշկներ, որոնք ոչ միայն թիրախավորում են նրանց, այլև անձնական տվյալների արտահոսքի պատճառ են հանդիսանում։

Ժենյա Մայիլյանը կարծում է, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող կամ ՁԻԱՀ-ի փուլում գտնվող մարդիկ ենթարկվում են թիրախավորման, որովհետև չկա խնդրի լուծման համակարգված մոտեցում։

Իսկ ինչ գիտեն քաղաքացիները՝ ՄԻԱՎ-ն ինչպե՞ս է փոխանցվում մարդուն:

«Գաղափար չունեմ», «շփման միջոցով չի փոխանցվում, միայն սեռական միջոցով», «ՄԻԱՀ-ը, ինձ թվում է, խրոնիկական է»... հնչեցին այսպիսի պատասխաններ:

«Ես չեմ շփվի առաջինը, հետո էլ խորհուրդ կտամ, որ անպայման դա բուժվի», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG