Ադրբեջանում երկրորդ արցախցին է կանգնում դատարանի առաջ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմին առնչվող մեղադրանքներով. Վագիֆ Խաչատրյանից հետո հիմա էլ Բաքուն Ռաշիդ Բեգլարյանին է մեղադրում 90-ականներին գերիների խոշտանգելու, անօրինական զինված խմբավորումների անդամակցելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին61-ամյա տղամարդն առևանգվել էր օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից։ Հայտնի չէ՝ արդյոք քննության ընթացքում նրան պաշտպան տրամադրվել է, թե՝ ոչ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, սակայն, պնդում է՝ նա ցուցմունքներ է տվել «Խոջալուից դուրս եկած և սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչների մասին»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է արցախցին սկզբում՝ ձեռնաշղթայված, չորս ադրբեջանցու ուղեկցությամբ, ինչ-որ բաներ պատմում. - «Խոսք են տվել, որ ճանապարհ են տալու, թողեն գնան դեպի Աղդամ: Դրա մասին իմացել են Ասկերանի վաշտը, նախապես սպասել են, հանդիպել Խոջալու քաղաքի ժողովրդին»: Չի հասկացվում, սակայն, թե արդյոք Ռաշիդ Բեգլարյանն իրեն մեղավոր է ճանաչում մեղսագրվող արարքների համար:
Եվրադատարանում հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանի համար ակնհայտ է՝ կյանքին սպառնացող վտանգի տակ Ադրբեջանում պահվող հայերը տեսախցիկի առջև ասում են այն, ինչ նրանցից պահանջվում է. - «Ցանկալի սցենարով, որը ուղղորդվում է պետության կողմից, և սա կատարում են բռնությունների, սպառնալիքների ներքո: Հայերի կամարտահայտությունը խիստ սահմանափակված է և խեղաթյուրված է»:
Փաստաբան Սահակյանը փաստում է՝ Ադրբեջանն ի սկզբանե չէր հայտարարել, որ Ռաշիդ Բեգլարյանը հետախուզվում է հանցագործության համար։ Չորս ամիս առաջ նրան ձերբակալել էին սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով, հետո, ըստ Սահակյանի, այսպես ասած «գործ են կարել»:
«Ադրբեջանի իշխանությունները իրենց տիրապետության տակ չեն ունեցել գոնե մեկ եզակի ապացույց, որը կվկայեր, որ երբևիցե իր կյանքի ընթացքում Ռաշիդ Բեգլարյանը կատարել է որևէ հանցավոր արարք: Եթե ի սկզբանե արարք կատարած լիներ, հնարավոր էր անգամ միջազգային հետախուզում հայտարարած լինեին: Հետագայում անձի ծագումնաբանություն, տարիք և այլ գործոններ հաշվի առնելով Ադրբեջանը կարում է քրեական գործեր, իր պաշտոնական վարկածները հիմնավորող բեմականացված դատավարություններ է իրականացնում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց փաստաբանը:
Բեգլարյանը բնակվում էր Ասկերանի Խնձրիստան գյուղում՝ հայրական տանը, միայնակ։ Ըստ հայկական կողմի՝ մոլորվելու հետևանքով էր անցել ադրբեջանական վերահսկողության տակ, երբ փորձել էր Հին Շեն գնալ։ Մանրամասները, սակայն, մինչ օրս ո՛չ համագյուղացիները, ո՛չ հարազատ որդին չգիտեն:
Մոտ երկու շաբաթ առաջ նույն մեղադրանքով Բաքվի ռազմական դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Հակարիի կամրջից ամռանը առևանգված մեկ այլ արցախցու՝ Վագիֆ Խաչատյանին, ով դատավարության ողջ ընթացքում պնդում էր իր անմեղությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես անմեղ մարդ եմ, ինձ ստուգեք հատուկ սարքերով». Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարովԵրկու արցախցի տղամարդկանց ադրբեջանցիներն առևանգել են հինգ օրվա տարբերությամբ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից «Ազատության» փոխանցեցին, որ վերջին անգամ Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Ռաշիդ Բեգլարյանին, հանդիպել են հոկտեմբերին։ Այլ մանրամասներ չեն հաղորդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին հինգ օրում երկրորդ արցախցին է Բաքվի իրավապահների հսկողության ներքո հայտնվում
Your browser doesn’t support HTML5