Երևանն ու Բաքուն տարբեր կերպ են մեկնաբանում ՄԱԿ-ի դատարանի որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը, մասամբ բավարարելով Երևանի դիմումը, Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել այն մարդկանց վերադարձը, որոնք սեպտեմբերի 19-ից հետո հեռացել են Լեռնային Ղարաբաղից, եթե նրանք նման ցանկություն ունեն: Ընդ որում՝ Ադրբեջանը դա պետք է անի արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների։

Դատարանի հաջորդ պահանջն էլ այն է, որ Ադրբեջանն արագ ու անվտանգ պայմաններում ապահովի Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց ելքը, եթե նրանք դա ցանկանան:

«Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն մարդիկ, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում կամ սեպտեմբերի 19-ից հետո վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, կարողանան ապրել այնտեղ առանց ուժի կիրառման կամ սպառնալիքի»,- սա էլ երրորդ պահանջն է:

«Բաքուն ութ շաբաթ ունի հաշվետվություն ներկայացնելու համար»

ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը ավելացրեց նաև, որ «հաշվի առնելով դատարանի կիրառած ժամանակավոր միջոցների առանձնահատկություններն ու Ադրբեջանի՝ հոկտեմբերի 12-ին ստանձնած պարտավորությունները Բաքուն ութ շաբաթ ժամանակ ունի հաշվետվություն ներկայացնելու համար։

«Դատարանը համարում է, որ Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կիրառությունը՝ այս որոշումից հետո 8 շաբաթվա ընթացքում։ Այդ հաշվետվությունը կուղարկվի Հայաստանին, որին հնարավորություն կտրվի ներկայացնել դատարանին իր մեկնաբանությունը դրա վերաբերյալ», - հայտարարեց դատարանի նախագահ Ջոան Դանեհյուն։

Երևանը Արդարադատության միջազգային դատարան էր դիմել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից մոտ տասն օր անց։ Հայաստանի կառավարությունը միջազգային դատարանից խնդրել էր՝ միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ, որ վերջինս հրաժարվի «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Միջազգային դատարանն Բաքվից պահանջեց հերթական ժամանակավոր այս միջոցների կիրառումը՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական վճռի կայացումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է». մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները

Բաքուն ողջունում է դատարանի որոշումը


Պաշտոնական Բաքուն ողջունել է դատարանի որոշումը՝ համարելով, թե այդպիսով հաստատվել է Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքներն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին։ Ղարաբաղից Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը նրանց որոշումն է՝ չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը», - պնդել են Ադրբեջանից, որի ռազմական գործողության հետևանքով Արցախը մի քանի օրում հայաթափվեց, կալանավորվեցին նախկին ու ներկա ռազմաքաղաքական առաջնորդները, Բաքուն էլ լիակատար վերահսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ». Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել


«Ստեփանակերտը կրակահերթի տակ են պահել, դա չեղա՞վ ստիպել, որ իրենք լքեն սեփական տունը»

Արցախցի բազմազավակ մայր Նարինե Դանիելյանը, որ մի կերպ է երեք անչափահասներին դուրս բերել Ստեփանակերտից հակադարձում է՝ «Ստեփանակերտը կրակահերթի տակ են պահել, ադրբեջանիցները փողոցներում էին, դա չեղա՞վ ստիպել, որ իրենք լքեն սեփական տունն ու հայրենիքը»։

Կրակում էին տների վրա, խաղաղ բնակչության վրա ու իրենք արդեն էն ստիճանի էր, որ մտել էին քաղաք, որ արդեն մենք քաղաքից սկսեցինք դուրս գալ։ Ձեռքով իրենց վրա իրենց կոկորդն էին ցույց տալիս, որ կմորթենք։ Ես իմ աչքով տեսա, որ ադրբեջանցիները «Գորշ գայլի» զնակն էին ցույց տալիս։ Ամսի 19-ին միանգամից անօդաչուները մտցրեցին քաղաք ու կրակոցներ, միանգամից հարձակում, տեխնիկա էլ միանգամից սկսեցին օգտագործել, ավտոմատի ձեներ էինք լսում, որ իրենք արդեն մտել էին քաղաքի մատույցներ», - պատմեց Դանիելյանը։

Ադրբեջանը ստանձնած միակողմանի հանձնառությունները ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի հարցերով «իրավաբանական պարտադիր ուժ ունեն»

Երևանի հայցը ներկայացրած Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունն այսօր ընդգծել է՝ Ադրբեջանը միակողմանի հանձնառություններ էր ստանձնել նաև ապահովել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունն ու ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու վերաբերյալ:

Դատարանը երեկ վերահաստատել է, որ դրանք իրավաբանական պարտադիր ուժ ունեն։

«Դատարանի որոշմանը պետք է հետևեն Ադրբեջանի քայլերը»

Հատկապես դատարանի երեկվա որոշումը ողջունող Բաքվի արձագանքից հետո, արցախցի իշխանական պատգամավոր Արամ Հարությունյանն ասում է՝ դատարանի որոշմանը պետք է հետևեն Ադրբեջանի քայլերը, հակառակ դեպքում, կրկին կհամոզվեն, որ միջազգային դատարանի այս որոշումն էլ Բաքուն կանտեսի ինչպես արեց Արցախի բլոկադայի ժամանակ։

«Ցավոք սրտի, մենք արդեն մեկ բացասական նախադեպ ունենք, երբ Միջազգային դատարանը որոշում է կայացրել, բայց Ադրբեջանը ոչ միայն անտեսել է այդ որոշումը, այլ նաև դրան հաջորդել են Ադրբեջանի կողմից ագրեսիվ քայլեր, և էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանը շարունակել է մինչև որ հասցրել է իր գագաթնակետին։ Սրան զուգահեռ Ադրբեջանը նաև տեղեկատվական դաշտում ծաղրում էր անընդհատ և ասում էր, որ «սա մեզ համար որևիցե նշանակություն չունի»։ Ցավոք սրտի, ես կարծում եմ՝ մինչև որոշումներին և հայտարարություններին չսկսեն հաջորդել առարկայական քայլեր, հույս պահել, որ Ադրբեջանը կհետևի իր միջազգային պարտականություններին, միամտություն է», - «Ազատությանն» ասաց պատգամավորը։

10 կետից բաղկացած հայցով Երևանը նաև ակնկալում էր, որ Ադրբեջանը դուրս կբերի զինվորականներին Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ը գրաված բնակավայրերից, պատժիչ միջոցներ չի ձեռնարկի ԼՂ իշխանությունների նախկին կամ ներկա ներկայացուցիչների նկատմամբ։

Ադրբեջանը հաղթանակ է համարում այն, որ այս մասով միջանկյալ միջոցներ չկիրառվեցին։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հավելյալ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։