«Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է», - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներին իր ելույթն այսպես սկսեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ընդգծելով՝ 9 ամիս առաջ դարձյալ այս ամբիոնից արդեն նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը այդպիսի ծրագիր է իրագործում։
«9-ամսյա շրջափակումից հետո, կոպտորեն խախտվելով դատարանի որոշումները և, ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա։ 9 ամսվա ընթացքում առաջին անգամ այդ ժամանակ ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը՝ մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող հայերին դուրս հանի Ղարաբաղից։ Հազարամյակներ շարունակ ԼՂ-ում ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում հայազգի մարդիկ գրեթե չկան, եթե սա էթնիկ զտում չէ, տիկին նախագահ, ապա ես չգիտեմ՝ ո՞րն է էթնիկ զտումը», - ասաց Կիրակոսյանը։
Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայաստանը Հաագայի դատարանին կոչ է արել պարտավորեցնել Ադրբեջանին՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Ադրբեջանն իր գործողություններով բազմիցս ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները, նաև հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը՝ շեշտելով՝ այս պայմաններում Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել էթնիկ զտումների շարունակությունը, ինչպես նաև պաշտպանել Լեռնային Ղարաբաղի կալանավորված ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու մեղադրանքներից։
Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ եթե միջանկյալ որոշումները անորոշություն են պարունակելու, Ադրբեջանը դրանք կշահարկի և վերջնականապես կհասնի ԼՂ-ում հայկական էթնիկ ներկայության և պատմության ոչնչացումը։
«Թույլ տվեք պարզ խոսել։ 2020 սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, ու դա արել է այս դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումի քննարկմանը զուգահեռ։ Քաղաքական նպատակների պատճառով թերևս միջազգային հանրությունը չի դադարեցրել այդ գործընթացը, բայց էթնիկ զտման իրականությունը պարզ է բոլորին։ Այսօր դուք դեռ կարող եք տեղում էապես փոխել իրավիճակը, դեռ ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադիր տեղահանության անշրջելիությունը։ Հատուկենտ հայեր են մնացել ԼՂ-ում, ինչպես նաև հայեր են առևանգվել և ապօրինի պահվում են Ադրբեջանի բանտերում», - նշեց Եղիշե Կիրակոսյանը։
«Հնարավոր է անշրջելի, ավելի խորը վնաս պատճառվի, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի»
Հայկական կողմի շահերը ներկայացրեցին նաև մի շարք միջազգային մասնագետներ. - «Հնարավոր է անշրջելի, ավելի խորը վնաս պատճառվի, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի։ ԼՂ հայերի էթնիկ զտում տեղի է ունենում այս պահին, մինչ մենք խոսում ենք։ Չպետք է թույլ տալ, որ դա ամրապնդվի»։
Հրապարակելով Արցախից մի կերպ, հաշված ժամերի ընթացքում գաղթող հայերի լուսանկարները՝ փաստաբան Էլիսոն Մաքդոնալդը կարևորեց նրանց ապահով վերադարձը տուն, լեզուն, մշակույթն ու պատմությունը սեփական հողում պահպանելը։ Նկատեց նաև՝ Բաքուն չի ապահովում միջազգային դիտորդների ներկայությունը հայերի վերադարձի հնարավորություն ստեղծելու համար, եթե, իհարկե, չխոսենք ՄԱԿ-ի առաքելության «թատերական այցի» մասին։
«Ադրբեջանը ամեն կերպ խախտում է այդ իրավունքները։ Էթնիկ զտումը օրեցօր ամրապնդվում է», - նշեց փաստաբանը։
Ռազմական վերջին գործողություններից կադրեր, կոտրված խաչ, Ստեփանակերտում անցած դարասկզբին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշայի անունով վերանվանված փողոցի կադրեր ցուցադրեց իրավաբան Մարտին Լոուրենսը, որն իր աջակցությունը հայերին խոսքից բացի լրացրել էր հայկական դրոշի գույներով փողկապով։
«Այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները միայն ապացուցում են, որ հայերը ճիշտ էին Լեռնային Ղարաբաղից փախչելով, հարձակումից օրեր անց Ադրբեջանը ապօրինաբար ձերբակալեց ԼՂ ռազմաքաղաքական վերնախավին։ Մինչ օրս 8 գործիչներ, այդ թվում՝ 3 նախկին նախագահներ են ձերբակալվել, և դեռ 300 հետախուզվողի մասին է խոսվում։ Ադրբեջանը հայաթափումից բացի նաև հայկական նշաններն է մաքրում է Ղարաբաղից։ Վերանվանում է Ստեփանակերտի փողոցները։ Արդեն էնվեր Փաշայի անունով փողոց են բացել, մի մարդու, ով ասում էր՝ հայեր մի փախեք, միևնույն է մեռնելու եք», - նշեց Լոուրենսը։
Ավելի քան 2 ժամ ընթացող լսումների ժամանակ կարմիր թելի պես պտտվում էր նույն միտքը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը հարկադրված էր լքել իր հայրենիքը, Ադրբեջանն էլ հիմա ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հայերի վերադարձն անհնարին դարձնի։
10 կետից բաղկացած հայցով Երևանն ակնկալում է նաև, որ Ադրբեջանը դուրս կբերի զինվորականներին Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ը գրաված բնակավայրերից, չի միջամտի հայերի հետ ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ԿԽՄԿ-ի աշխատանքներին, պատժիչ միջոցներ չի ձեռնարկի ԼՂ իշխանությունների նախկին կամ ներկա ներկայացուցիչների նկատմամբ։
Պատասխան ելույթով այսօր երեկոյան հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը։ Էլմար Մամեդովը վստահեցրեց, մասնավորապես, թե Ադրբեջանը չի ներգրավվել և չի ներգրավվի Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման կամ հարձակման որևէ ձևի մեջ, և Հայաստանի մեղադրանքներն անհիմն են։ Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղում իրենց տները, նրանց ապահով վերադարձի համար պայմաններ կստեղծվեն, հայտարարեց Բաքվի ներկայացուցիչը։
Այս պահին հստակ չէ, թե լսումների ավարտից հետո երբ կհրապարակվի ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումը։