Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի թվով 5-րդ միջնորդության պահանջները


Արդարադատության միջազգային դատարանի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» դատական լսումներից մեկը, 31-ը հունվարի, 2023թ․
Արդարադատության միջազգային դատարանի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» դատական լսումներից մեկը, 31-ը հունվարի, 2023թ․

Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» բավարարել է Հայաստանի թվով 5-րդ միջնորդության պահանջները, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ Հայաստանն այս միջնորդությունը ներկայացրել էր սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո:

Չնայած հոկտեմբերի 12-ին կայացած դատական լսումների ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված որոշ հանձնառությունների՝ Դատարանն, այնուամենայնիվ, գտել է, որ դրանք բավարար չեն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգը ամբողջովին վերացնելու համար։

Ըստ այդմ, մինչև գործով վերջնական վճռի կայացումը Դատարանն Ադրբեջանից պահանջել է ապահովել 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անարգել և արագորեն վերադարձը, իսկ Լեռնային Ղարաբաղում մնացած և հեռանալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, Լեռնային Ղարաբաղում գտնվողները զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հիշեցնում է, որ Ադրբեջանը միակողմանի հանձնառություններ էր ստանձնել, ի թիվս այլնի՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունը ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու վերաբերյալ, դատարանը երեկ վերահաստատել է, որ դրանք իրավաբանական պարտադիր ուժ ունեն։

Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է Ադրբեջանին «հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ ութ շաբաթվա ընթացքում»։

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը դիմել էր միջազգային դատարանին՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ, որ վերջինս հրաժարվի «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց իր որոշումը։

XS
SM
MD
LG