Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում

Բաքուն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը:

Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Արձագանքելով Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը, այդ մասին, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն որդեգրած քաղաքականությանը, որը ներառում է մեր հանձնառությունը՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունը՝ անկախ ազգային կամ էթնիկական պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին։ Ղարաբաղից Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը նրանց որոշումն է՝ չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը», - նշվում է հայտարարությունում:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ողջունում է դատարանի որոշումը, որը, Բաքվի հավաստմամբ, ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

«Միջազգային դատարանը մերժել և անհիմն է համարել Ղարաբաղի տարածաշրջանից Ադրբեջանի ամբողջ ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերելու մասին Հայաստանի անհիմն և ծիծաղելի պահանջը»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Ըստ «Թրենդ»-ի՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է նաև, որ միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հայցը կալանավորված «անջատականների» վերաբերյալ։

XS
SM
MD
LG