«Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամաստը երեկ ուշ երեկոյան լքել է Բոլու քաղաքում գտնվող բանտը՝ ճաղերի հետևում 16 տարի և 10 ամիս անցկացնելուց հետո։ Կալանավայրի մուտքի մոտ, ըստ BBC-ի թուրքական ծառայության, Դինքի մարդասպանին դիմավորել են ընտանիքի անդամները։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը այսօր առավոտյան տարածած հայտարարությամբ պաշտոնապես հաստատել է Սամաստի ազատ արձակման մասին տեղեկատվությունը՝ թվարկելով քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց համաձայն հնարավոր է դարձել ստամբուլահայ լրագրողի սպանության անմիջական հեղինակի ազատ արձակումը։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Սամաստը «վաղաժամ պայմանական ազատ է արձակվել բանտում ցուցաբերած լավ պահվածքի համար»։
Թուրքական NTV-ի տեղեկություններով՝ Հրանտ Դինքի հարազատները, մասնավորաբար նրա այրին՝ Ռաքելը, առայժմ հրաժարվում են մեկնաբանել Օգյուն Սամաստի ազատ արձակումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դինքի սպանությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող Ահմեդ Իսքենդերը արտահանձնվել է ԹուրքիաՓոխարենը Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նորընտիր նախագահ Օզգյուր Օզելը այս թեմային անդրադարձավ Սամաստի ազատ արձակման մասին տեղեկության տարածումից հաշված ժամեր անց Կիպրոսի հյուսիսային՝ թուրքական հատված կատարած այցի ընթացքում։
«Այդ մարդը 16 տարի շարունակ բանտում էր, և այժմ նրան ազատ են արձակում լավ պահվածքի համար։ Ինչպե՞ս կարող է օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ դաժան սպանություն կատարած մեկը բանտից դուրս գալ լավ պահվածքի համար։ Պետք է նաև հաշվի առնել, որ դա սովորական սպանություն չէր, դա նախապես ծրագրված հանցագործություն էր։ Դա նաև մեծագույն անարդարություն էր, որ կատարվեց Թուրքիայում բնակվող հայկական համայնքի նկատմամբ», - հայտարարել է թուրքական ընդդիմության ղեկավարը։
Օզգյուր Օզելն, ի դեպ, համոզված է՝ Օգյուն Սամաստը միշտ էլ բարձրաստիճան հովանավորներ է ունեցել։ Որպես դրա ապացույց թուրքական ընդդիմության առաջնորդը հիշեցնում է 2007-ի հունվարի 21-ին՝ Դինքի սպանությունից երկու օր անց տեղի ունեցած սկանդալային դրվագը, երբ Օգյուն Սամաստին ձերբակալած ոստիկանները հերթով լուսանկարվում էին նրա հետ՝ թուրքական դրոշի ֆոնին։
«Այսքանից հետո եթե որևէ մեկը խոսում է արդարադատության մասին, կատարյալ անսկզբունքային է», - ասել է թուրքական խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։
Թուրքական իշխանությունները, սակայն, կտարականապես հերքում են այն պնդումները, թե Օգյուն Սամաստի ազատ արձակումը քաղաքական որոշման արդյունք էր։ Այս մասին այսօր Անկարայում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումից հետո հայտարարեց Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Դատարանը վերջնական որոշում է կայացրել։ Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ չի բացառվում, որ մենք պատիժների կրման համակարգում նոր կարգավորումների կարիք ունենանք։ Նախ՝ մարդուն, հաշվի առնելով հանցանքի կատարման պահին նրա տարիքը, դատապարտում են ոչ թե ցմահ բանտարկության, այլ երկարաժամկետ ազատազրկման, հետո էլ, ցավոք սրտի, ազատ արձակում լավ պահվածքի համար։ Կարծում եմ, որ այս ամենը խոսում է մեր արդարադատության համակարգում առկա խնդիրների մասին, որոնք լուծման, վերանայման կարիք ունեն», - ընդգծել է թուրքական խորհրդարանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը մահվան սպառնալիքներ են ստացելԸնդդիմությունն ու իրավապաշտպան շրջանակները, սակայն, այս բացատրությունները, թե մեղավորը դատական համակարգն է, այլ ոչ թե գործադիր իշխանությունը, չեն ընդունում։ Թուրք իրավապաշտպաններն, օրինակ, վստահ են՝ Դինքի սպանության համար դատապարտված Սամաստի ազատ արձակումը Էրդողանի վարչակազմի կողմից երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ է։
«Գյուլթան Քիշանակը, Սելահեդթին Դեմիրթաշը, Օսման Կավալան և Ջան Աթալայը իրենց արտահայտած մտքերի համար այժմ բանտում են, իսկ մարդասպանն՝ ազատության մեջ», - X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի մարդու իրավունքների ընկերակցության համանախագահ Էրեն Քեսքինը՝ թվարկելով երկրի ամենահայտնի քաղաքական բանտարկյալներին։
«Հրանտ Դինքի սպանության հեղինակը՝ Օգյուն Սամասթը ազատ է արձակվում լավ պահվածքի համար, իսկ քաղբանտարկյալները՝ ոչ», - հայտարարում են թուրքական ևս մեկ իրավապաշտպան կառույցի՝ «Մարդու իրավունքների հիմնադրամ-խտրականության և ռասիզմի դեմ պայքարի կոմիտեի» ներկայացուցիչները՝ հավելելով. «Տեղի ունեցածը մեկ անգամ ևս վկայում է՝ Թուրքիայի արդադարադատության համակարգը կոծկում է այն բոլոր հանցագործությունները, որ կատարվել են խորքային պետության կողմից,1915 թվականի գաղափարներն՝ իրենց բոլոր հետևանքներով»։