Մատչելիության հղումներ

Ստամբուլում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում


Նախօրեին «Ակօս» պարբերականի նախկին խմբագրատան շենքի դիմաց կրկին մարդաշատ էր: 13 տարի առաջ թուրք ազգայնականի կրակոցներից այստեղ սպանվեց պոլսահայ նշանավոր մտավորական, «Ակօսի» հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը:

Սարսափելի սպանությունից տարիներ անց Դինքի ընտանիքն ու մտերիմները դեռ պայքարում են արդարության համար: Այս տարի նրանք համախմբվել էին «Ամաչելու համար ուշ չէ» կարգախոսի ներքո: Թուրքական ոստիկանությունը լայնածավալ միջոցառումներ էր ձեռնարկել՝ ապահովելու հավաքի անվտանգությունը, փակվել էին խմբագրություն տանող ավտոճանապարհները, հարակից մետրոյի կանգառը: Այս տարի «Ակօսի» խմբագրության պատշգամբից Դինքին նվիրված խոսքով հանդես եկավ իրավապաշտպան Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն:

Նա նշեց, որ 13 տարի անց կրկին այստեղ են և չեն հրաժարվելու իրենց պայքարից: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը նույնպես վստահ է՝ մի օր անպայման արդարություն կհաստատվի. - «13 տարի եղավ, Հրանտին այստեղ կորցրինք, և 13 տարի շարունակ արդարության համար կպայքարենք, բայց դժբախտաբար դեռ արդարություն չունենք և ամաչում ենք Հրանտ Դինքից: Բայց վստահ եմ, որ մի օր արդարությունը պիտի լինի, և Հրանտի սիրտը կթեթևացնենք, ընտանիքի սիրտն էլ կթեթևացնենք, և դրա համար պայքարը պիտի շարունակվի»:

Այս տարի ևս բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից Ստամբուլում մասնակցում էին Դինքի ոգեկոչման արարողությանը: Արև Բաբահանը, որը ուսանողական տարիներին թղթակցել է «Ակօսին» և անձամբ ճանաչել թերթի խմբագրապետին, հուզմունքով է հիշում Հրանտ աղբարիկին. - «Հուզիչ է սա, երանի թե չսպանվեր, դա մեզ համար մարդկանց միավորելու պատճառ դարձավ: Այդ պատճառով Հրանտ Դինքն իսկապես թե արդարության, թե հաշտության սիմվոլ է եղել 2 երկրի համար էլ: Ես նրան ճանաչում էի, «Ակոսում» աշխատում էի համալսարանում սովորելիս, կաշխատեի շաբաթը 1 օր, կգրեի, Հրանտ աղբարիկն ինձ կասեր՝ սրանք չտպեինք, որ դրանք պետական համալսարանում կկարդան, գլուխս փորձանքի չգա, հետո ավարտելիս խնդիր չլինի: Իսկապես աղբարիկի (եղբոր) նման էր»:

Արև Բաբահանն ասում է՝ Դինքը շատ մարդամոտ էր, եթե նույնիսկ այլ գործ ունենար, երբ խոսակցությունը վերջացնում էր, հաջորդին էր անցնում. - «Սիրտը հարուստ մեկն էր, այդ պատճառով էլ նրա սպանվելը բոլորիս հուզեց, սակայն մեր մեզ նա ապրում է»:

Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Իզմիրում, Անկարայում, Բոդրումում, ինչպես նաև Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: 13 տարի է՝ Հրանտ Դինքի հիշատակի միջոցառման կարգախոսը անփոփոխ է՝ «Հրանտի համար, արդարության համար»: Չնայած հանցագործության անմիջական մեղավորները հայտնաբերվել ու դատապարտվել են, Դինքի ընտանիքը, ընկերներն ու նրա շահերը ներկայացնող փաստաբանները այսօր էլ շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել հանցավոր խմբավորման կողմից, իսկ պատկան մարմիններն էլ տեղյակ են եղել սպասվող մահափորձի մասին ու չեն կանխել այն: Հրանտ Դինքի սպանության գործով հերթական՝ թվով 103-րդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին:

XS
SM
MD
LG