Թուրքիայի քաղաքական կուսակցություններն արձագանքել են Հրանտ Դինք հիմնադրամին և անձամբ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին հասցեագրված սպառնալիքներին:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն տեղի ունեցածի առիթով հեռախոսազրույց է ունեցել Ռաքել Դինքի հետ: Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության համանախագահ Միթհադ Սանջարը իր զորակցությունն է հայտնել Դինք հիմնադրամին:
Նոր հիմնադրված «ԴԵՎԱ» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը իր թվիթերյան էջում գրել է. «Հրանտ Դինք հիմնադրամին ուղղված սպառնալիքները խտրականությունը խրախուսող քաղաքական մթնոլորտի արդյունքն են: Բոլոր հատվածներին պաշտպանելու ենք խտրականությունից և այլատյացությունից: Ռաքել Դինքի և հիմնադրամի աշխատակիցների կողքին ենք»:
Քաղաքականություն վերադարձած «Ապագ» կուսակցության հիմնադիր Ահմեդ Դավութօղլուն կնոջ՝ Սարե Դավութօղլուի հետ միասին զանգահարել են Դինքի այրուն և իրենց բարեմաղթանքները հղել: Կուսակցության կողմից ևս հայտարարություն է տարածվել: Թուրքիայում գործող 9 հասարակական կազմակերպություններ միասնական հայտարարություն են հրապարակել և դատապարտելով այս դեպքը՝ աջակցություն հայտնելով հիմնադրամին:
Նախօրեին Հրանտ Դինք հիմնադրամը հայտարարություն էր տարածել առ այն, որ մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալիքներ պարունակող նամակ է ստացվել: Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել էր ոստիկանություն և Ստամբուլի նահանգապետարան: Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, ընթանում է քննություն: