Ավելի քան երկու տարի բանտախցում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օրերս խոսել է իրեն ձերբակալելու որոշման մասին։
168.am-ի հետ զրույցում նա պնդել է, որ իրեն ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել վարչապետ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Տոնոյանը, սակայն, չի մանրամասնել՝ արդյո՞ք անձամբ վարչապետն է իրեն ձերբակալելու հրահանգ տվել, որո՞նք են այդ ձերբակալության քաղաքական դրդապատճառները, ովքե՞ր են մասնակցել իր մատնանշած խորհրդակցությանը, կոնկրետ ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ ձևաչափով է այն տեղի ունեցել։
«Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել Հայաստանի վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից երկուսն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու», - հայտարարել է Դավիթ Տոնոյանը:
Ընդ որում, խոսելով քաղաքական հետապնդման մասին՝ ժամկետանց հրթիռներ ձեռք բերելու գործով մեղադրվող նախկին նախարարն ընդգծում է, որ մոտ «10-ը գեներալ էլ մեղադրվում է տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են»: Տոնոյանի խոսքով՝ բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում:
«Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում», - ասել է Դավիթ Տոնոյանը՝ պնդելով, թե նոր քրեական վարույթներ դեռ լինելու են, իսկ թե ում նկատմամբ, նրա խոսքով՝ կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից:
Պաշտպանության նախկին նախարարի հնչեցրած այս մեղադրանքների վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակից արձագանք ստանալ չհաջողվեց։ Նազելի Բաղդասարյանն «Ազատության» զանգերին չի պատասխանում։
Անդրանիկ Քոչարյան. «Ես տեղյակ չեմ այդ խորհրդակցությունից, Տոնոյանը որտեղից է լսել՝ չգիտեմ»
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներն էլ չէին ցանկանում խոսել այս թեմայի շուրջ։ Նրանք հիմնականում նշում էին, թե տեղյակ չեն Դավիթ Տոնոյանի հայտարարություններից։
Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ միայն փոխանցեց, որ այս հարցով պետք է դիմել նրանց, ովքեր մասնակցել են Դավիթ Տոնոյանի հիշատակած խոհրդակցությանը։
«Ես տեղյակ չեմ էդպիսի խորհրդակցության մասին, Տոնոյանը որտեղից է լսել՝ ես չգիտեմ: Եթե կա ինչ-որ մեկը բացի պարոն Տոնոյանից, որ տեղյակ է էդ անցկացված խորհրդակցությանը, դիմեք էդ խորհրդակցության մասնակիցներին, ես տեղյակ չեմ», - ասաց Քոչարյանը:
Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Տոնոյանի գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում՝ դռնփակ ռեժիմով։ Նախկին նախարարի փաստաբանի փոխանցմամբ՝ թեև քննության ընթացքում պետական գաղտնիք համարվող տեղեկություններ չեն հրապարակվում, սակայն մեղադրող կողմը և դատարանը պնդում են, որ նիստը հրապարակային չլինի։ Անդրանիկ Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս փուլում հարցաքննվում են գործով անցնող մյուս մեղադրյալները, Տոնոյանը դեռ չի հարցաքննվել:
Ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը չի փոխվում, փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները մերժվել են՝ պատճառաբանությամբ, թե նախկին նախարարն ազատության մեջ կխոչընդոտի վարույթին։
Դեռևս 2021-ին հարուցված քրեական գործի համաձայն՝ 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 հրթիռներ, որոնք անպիտան են եղել, և 7 մեղադրյալները, որոնց մի մասը բարձրաստիճան զինվորականներ են, պետությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4,6 միլիոն դոլար են յուրացրել։ Գործով անցնող մեղադրյալները, սակայն, առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ