Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։
Ըստ ԲԴԽ-ի՝ Տոնոյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան և խնդրել վերացնել առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման մասին որոշումը։ Բայց վերաքննիչը չի փոփոխել Տոնոյանի կալանքը, միաժամանակ փաստաբանների դիմումն ուղարկել է հետ՝ առաջին ատյան՝ Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2022-ի հունվարից է մեկնարկել անպիտան հրթիռների գործով մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Տոնոյանի և մյուսների դատաքննությունը, որն ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում։
44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած և գրեթե երկու տարի կալանքի մեջ գտնվող 55-ամյա Տոնոյանը «անպիտան հրթիռների» գործով մեղադրվում է պետությունից շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։ Մյուս 5 մեղադրյալներն, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ են, իսկ զենքի մատակարար Դավիթ Գալստյանին, որ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, դատարանը կրկին կալանավորելու որոշում կայացրեց՝ պարզաբանելով՝ «ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով»։