Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը ողջունելի է, և վկայում է, որ նա ըմբռնում է ներկայիս իրականությունը։ Այդ մասին, ըստ Anadolu գործակալութան, Էրդողանը լրագրողներին ասել է Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին։
«Հակամարտության ամենասկզբից ողջ Արևմուտքը և հատկապես Միացյալ Նահանգներն աջակցել են Իսրայելին: Եվ, եթե Գուտերեշն իսկապես արժանի նախաձեռնություն է առաջ քաշել, ուրեմն դրա համար կան պատճառներ: Դա նշանակում է, որ նա հասկացել է, թե ինչ է կատարվում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկավ հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ Գազայում հրադադարի մասին որոշումների վերաբերյալ ՄԱԿ-ի քվեարկության ընթացքում ԱՄՆ դիրքորոշումը պաշտպանել են 13 այլ երկրներ։
«Բայց 120 երկրներ վճռականորեն դեմ են արտահայտվել: 40 կամ 41 երկրներ ձեռնպահ են մնացել: Եվ այս խիզախ երկրներն ուղերձ են ուղարկում ամբողջ աշխարհին, որ Ամերիկան, որքան էլ մեծ է՝ սխալ է, Իսրայելը՝ սխալ է: Եվ ճշմարտությունը ճնշվածների կողմն է»,- ասել է Էրդողանը։
Խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 10-րդ արտահերթ նստաշրջանի մասին է, որն ավարտվել է հոկտեմբերի 27-ին՝ անհապաղ զինադադարի կոչով բանաձևի ընդունմամբ: Դրանում նշվել է բոլոր խաղաղ բնակիչներին ազատ արձակելու և հումանիտար օգնության անխոչընդոտ առաքման պահանջը։ Բանաձևին դեմ են արտահայտվել 14 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։
«Իսրայելն այսօր չի սկսել պաղեստինցիների սպանդը, դա պատմություն ունի, և այն սկսվել է 1947 թվականից: Հետո սկսվեցին այս կոտորածները: Այդ պահից մինչ օրս ո՞ր տարածքներում են ապրել և ապաստանել պաղեստինցիները և ինչպիսի՞ն է Իսրայելի դիրքն այդ հողերում»,- ասել է Էրդողանը և առաջարկել նաև ուսումնասիրել իսրայելական և պաղեստինյան բնակավայրերի քարտեզների փոփոխությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել Իսրայելի վրա