Մատչելիության հղումներ

Ե՛վ Իսրայելը, և՛ «Համաս»-ը մերժում են մարտերը դադարեցնելու կոչերը


Իսրայելական ուժերը հերթական հարվածներն են հասցնում Գազա քաղաքին, 9-ը նոյեմբերի, 2023թ.
Իսրայելական ուժերը հերթական հարվածներն են հասցնում Գազա քաղաքին, 9-ը նոյեմբերի, 2023թ.

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ 10-ժամյա մարտերից հետո գրավել է «Համաս»-ի հենակետը Ջաբալիայում և սպանել ահաբեկչական խմբավորման արաջնորդներից մեկին։ Միաժամանակ, մարդասիրական միջանցք է բացել, որպեսզի հակամարտության էպիկենտրոնից՝ Գազայի հատվածի հյուսիսից, պաղեստինցիները կարողանան հարավ տեղափոխվել:

Պաղեստինյան կողմը հայտարարում է, թե իսրայելական վերջին ռմբակոծությունների թիրախում են եղել փախստականների ճամբարում գտնվող մարդիկ։ Գազայի հատվածում 35 հիվանդանոցների ավելի քան կեսը չեն աշխատում՝ ռմբակոծությունների կամ վառելիքի պակասի պատճառով, մյուսներն էլ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն հիվանդներին օգնելու:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը նախօրեին ասել է, որ «չափազանց անհանգստացած է» Գազայում տիրող իրավիճակով։ «Անհրաժեշտ է լուծում գտնել՝ այս սարսափելի մարդասիրական իրավիճակից դուրս գալու համար», - հայտարարել է Ֆոլքեր Թյուրքը:

Փարիզում գործող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել հրադադար հաստատել՝ ասելով, որ իրավիճակն «աղետալի» է խաղաղ բնակչության համար:

Ե՛վ Իսրայելը, և՛ «Համաս»-ը մերժում են մարտերը դադարեցնելու կոչերը: Իսրայելն ասում է, որ նախ պետք է ազատ արձակել պատանդներին, ԱՄՆ և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ն էլ պնդում է, որ պատանդներին չի ազատի և պայքարը չի դադարեցնի, քանի դեռ Գազայի վրա հարձակումները շարունակվում են:

Պաղեստինի վարչապետ Մոհամադ Շտայեն էլ հայտարարել է, որ «Համաս»-ը վերացնելու Իսրայելի նպատակն «անիրագործելի է», քանի որ խմբավորումը պարզապես ռազմական կազմակերպություն չէ, այլ՝ գաղափար:

«Քանի՞ պաղեստինցի պետք է զոհվի, որ պատերազմը դադարեցվի։ Արդյո՞ք ամեն ժամը մեկ վեց երեխա սպանելը բավական կլինի: Չորս կնոջ մեկ ժամում սպանելը բավարա՞ր կլինի։ Բավական կլինի՞ 30 օրում 10 հազար մարդ սպանել։ Ինչն ավելի շատ է, քան Ուկրաինայում սպանվածները 530 օրվա ընթացքում։ Բավական կլինի՞ 25 հազար մարդու վիրավորելը, նրանց մի մասը դեղորայքի բացակայության պատճառով կմահանա։ Բավական կլինի՞ մեկ ամիս առանց դեղորայքի, ջրի, լույսի կամ կացարանի: 240 հազար բնակարան քանդելը բավարա՞ր կլինի», - ասել է Պաղեստինի վարչապետը:

Ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին՝ այսօր Փարիզում են հավաքվել շուրջ ութ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քննարկելու՝ ինչպես կարող են մարդասիրական օգնություն հասցնել Գազա։ Իսրայելն այս համաժողովին չի մասնակցում, սակայն Ֆրանսիայի նախագահը կապի մեջ է Իսրայելի վարչապետի հետ, հաղորդում է France-Presse-ը:

XS
SM
MD
LG