Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Ադրբեջան - Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում, արխիվ

Բաքվի ռազմական դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման դատապարտեց Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված Վագիֆ Խաչատյանին: Դատավճիռը հրապարակեց նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը:

«Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ». - Վագիֆ Խաչատյանն իր վերջին խոսքում Բաքվի դատարանին մի վերջին անգամ փորձեց համոզել, որ կապ չունի այն ամեն հետ, ինչում իրեն մեղադրում են։

Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել:

Վագիֆ Խաչատրյանի ելույթից առաջ այսօր ավելի վաղ դատախազ Մուհադաս Սուլթանովն էր պահանջել 15 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Դատախազն իր ելույթում պարզաբանել էր, թե ինչու ավելի խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում չի պահանջում։ Ըստ Սուլթանովի՝ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է ցմահ ազատազրկել 65 տարեկանից բարձր անձանց, իսկ Խաչատրյանը 68 տարեկան է։ Ցմահ ազատազրկումից հետո Ադրբեջանում ամենաբարձր պատժաչափը 20 տարին է, բայց այս դեպքում էլ, ըստ դատախազի, քանի որ Խաչատրյանը հանցագործությունը կատարել է 1991-ին, իսկ մինչև 2014-ի օրենսդրության համաձայն՝ Խաչատրյանի կատարած հանցագործության համար ամենաբարձր պատժաչափը 10-15 տարվա ազատազրկումն է, հետևաբար՝ նրա համար պահանջել է օրենսդրության համաձայն ամենախիստ պատիժը՝ 15 տարին։

Բաքուն արցախցուն մեղադրում է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Փաստացի իր շահերը միայնակ պաշտպանող Վագիֆ Խաչատրյանը դատարանում բազմիցս հերքել է իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին, պնդելով՝ ինքն այդ օրերին գտնվում էր Շուշիի բանտում։

Խաչատրյանին ադրբեջանցիներն առևանգեցին Հակարիի կամրջից, երբ նա ամռանը Արցախից Հայաստան էր գալիս սրտի բաց վիրահատության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրող դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջեց 15 տարվա ազատազրկում

Առավել մանրամասն տե՛ս այստեղ