Մատչելիության հղումներ

«Թող նրանցից գոնե մեկը գա և ասի՝ Վագիֆ, դու դա արել ես». դատավարությունը Բաքվում շարունակվում է


Դատարանում այսօր դարձյալ բազմաթիվ ադրբեջանցիներ են ու դատական իշխանության ներկայացուցիչներ. իսկ նրանց դեմ՝ ապակեպատ խցիկում միայնակ, ինքն իրեն պաշտպանող արցախցի տարեց տղամարդը։

Իր հասցեին ծանր մեղադրանքներ լսող Վագիֆ Խաչատրյանն այսօր ստիպված էր պարբերաբար ընդհատել 30 տարվա վաղեմության պատմություններ ներկայացնող տուժողներին ու հակադարձել ադրբեջաներենով՝ սուտ որակելով դրանք:

Չերկեզը, որին Բաքվի դատարանը որպես տուժող է ներկայացնում, ասաց, թե Խաչատրյանի եղբորն էր ճանաչում։

«Այստեղ շատ մարդ կա, նրանցից որևէ մեկը կարո՞ղ է հավաստիացնել, որ Վագիֆը որևէ մեկին ծեծել է, վիրավորել։ Նրանք բոլորն այստեղ են, թող նրանցից գոնե մեկը գա և ասի՝ Վագիֆ, դու դա արել ես», - նշեց Խաչատրյանը։

Ամռանը Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետից առևանգած արցախցուն Բաքուն մեղադրում է ավելի քան 30 տարի առաջ Մեշալի գյուղում 25 ադրբեջանցու սպանության, 5,5 միլիոն մանաթի վնաս պատճառելու համար։ Մեշալին, որն արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայր Պատարա գյուղի մոտ է։

70-ամյա տղամարդն այսօր կրկին հերքեց իր մասնակցությունն այդ դեպքերին ու հայերենով ներողություն խնդրեց՝ բառացի ասելով, որ այնտեղ չի եղել. թարգմանիչը, սակայն, փոխանցեց, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանցի ժողովրդից բոլոր այն միջադեպերի համար, որ հայերն են կատարել։

«Ես չեմ եղել, ես ներողություն եմ խնդրում բոլորից, որ ես այնտեղ չեմ եղել», - ասաց Խաչատրյանը:

Այսօր էլ դատարան եկած տուժողները պատմում էին, թե Վագիֆն ու այլ հայեր Մեշալի գյուղում խաղաղ բնակիչների սպանել։

Չնայած Խաչատրյանը հանրային պաշտպան ունի, բայց այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակված տեսագրություններում նա միայնակ էր, այնինչ նրա կողքին պետք է փաստաբան լիներ, որի հետ նա կկարողանար խոսել շշուկով՝ առանց օտար ականջների։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ այս խախտումը վկայում է այն մասին, որ Բաքվում ընթացող դատավարությունը չի կարող համարվել օրինական, Եվրոպական դատարանում նման վճիռներ կան։

«Մենք տեսնում ենք ապակեպատ ինչ-որ դատարանում խուց, որն այլ կերպ ասում են՝ ակվարիում, լավ է գոնե ճաղավանդակ չկա, լավագույն դեպքում թարգմանչին ենք տեսնում կողքը, բայց ես ոչ մի դատավարությունում չեմ տեսել մեղադրյալի կողքին նստած իր փաստաբանին, դա արդեն իսկ խախտում է, դա փաստաբանի հետ գաղտնիության պայմաններով հաղորդակցվելու իրավունքի խախտում է, իսկ դա հիմնարար իրավունք է: Դա բավական է, որ դատավարությունը համարվի անօրինական», - ասաց Ղազարյանը:

Երկրորդ խնդիրը փաստաբանի ընտրության հարցն է, ո՞վ է նրա համար փաստաբան ընտրել՝ հարցնում է Ղազարյանն ու պատասխանում՝ ո՛չ ընտանիքը:

«Պետք է իրավունք ունենա ինքը փաստաբան ընտրելու, ոչ թե իրեն ստիպողաբար փաստաբան տան», - ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:

Սրտի վիրահատության համար Արցախից Հայաստան շտապող, բայց երևանյան հիվանդանոցի փոխարեն ադրբեջանական բանտում հայտնված արցախցին արդեն չորրորդ դատական նիստին հայտարարում է, որ ինքը սովորական վարորդ էր, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։

Բաքուն, մինչդեռ, ոչ միայն Վագիֆ Խաչատրյանին, այլև նրա 30 համագյուղացիներին է մեղադրում Մեշալիի դեպքերի համար։ Այսօր դատարանը հրապարակել է այդ 30 հայերի անուն ազգանունները։

Գործում որպես տուժող ներգրավված ադրբեջանցիները դատարանից պահանջում են Խաչատրյանին ցմահ ազատազրկել։

Այսօր էլ դատական նիստում չբացահայտվեց, թե դատախազը քանի տարվա ազատազրկում է պահանջում։ Նիստը կշարունակվի վաղը։

XS
SM
MD
LG