Ռուս խաղաղապահներն ավարտել են Լեռնային Ղարաբաղից սպառազինության առաքումը Ռուսաստանի Դաշնություն «վերանորոգման համար»։
«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստան պլանային նորոգման համար», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Դրանում տեղակայման վայրը նշվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան»: Հաղորդագրության համաձայն՝ «անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում Շուշիի շրջանում փակվել է 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, հարցականի տակ դրվեց այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ռուսական կողմին Ադրբեջանի ռազմական գործողությունը չկանխելու կամ չդադարեցնելու համար: Պաշտոնական Մոսկվան, սակայն, մերժում է այդ քննադատությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը պնդում է՝ ռուս խաղաղապահներն անելիք ունեն Հարավային ԿովկասումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո ռուսական խաղաղապահ զորախումբն արդեն առանց կասկածի հայտնվել է Ադրբեջանի տարածքում։
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Հարցը քննարկվեց Բիշքեկում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, սակայն, որևէ հայտարարություն չարվեց հնարավոր համաձայնության վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չի բացառվում, որ Արցախում երաշխիքներ էին ստացել ու սպասումներ ունեին խաղաղապահներից. արձագանքներ Շահրամանյանի հարցազրույցին