Մատչելիության հղումներ

ՌՂ խաղաղապահները պատրաստ են նպաստելու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Լավրով


«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում այսօր հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարի ծավալուն հոդվածը։ Հոդվածում Սերգեյ Լավրովը մի քանի տողով անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նա նշել է, որ այժմ Բրյուսելը, ելնելով իր աշխարհաքաղաքական հավակնություններից, Վաշինգտոնի հետ միասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ «ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»։

Մոտ 2000 անձնակազմով խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ հինգ տարի ժամկետով, որը լրանում է 2025-ին։

Աակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ 100-ավոր արցախցիներ լքեցին Լեռնային Ղարաբաղը, խաղաղապահների ճակատագրի մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Օրերս Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, թե «ռուսական խաղաղապահ զորախումբն այլևս որևէ մեկին չունի պաշտպանելու, ինչը հարված է տարածաշրջանում ռուսական դիրքերին»։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնարկել էր, որ խաղաղապահները հեռանալու մտադրություն չունեն, իսկ հարցը քննարկվելու է Բաքվի հետ։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հոկտեմբերի 7-ին հաղորդեց, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելում է Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից, սակայն, «Ազատությանը» ասացին՝ այդպիսի պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունեն։

Երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարեց, թե խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան պահանջված է։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG