Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանի շրջանում:
Համաձայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրի, սեպտեմբերի 19-ից ի վեր փակվել են 8 դիտակետեր և 16 ժամանակավոր դիտակետեր Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
«Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
ՌԴ ռազմական գերատեսչությունը փոխանցում է նաև, որ խաղաղապահները «Բաքվի հետ անընդհատ փոխգործողության մեջ են»՝ ուղղված հայաթափված Արցախում «արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի նորմերը պահպանելուն»: