Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում ևս մեկ դիտակետ է փակել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապամոնտաժումը դիտակետերի օպտիմալացման շրջանակներում է։
Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները «Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։
Խաղաղապահները իրենց պատասխանատվության գոտում «հրադադարի խախտումներ չեն արձանագրել»։
«ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը», - ասված է հայտարարությունում։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։