Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում երեկ երեկոյան հաղորդել է, թե «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Ղարաբաղի տարածքում»: «Անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում:
Հայաթափված Արցախում ռուս խաղաղապահները հրադադարի խախտում չեն արձանագրել: «Ճանապարհային ուղղություններով երթևեկության անվտանգության ապահովման նպատակով վեց պոստ է տեղակայվել, այդ թվում երկուսը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ», - ասված է հաղորդագրությունում:
Ռուսների մասնակցությամբ շարունակվում են «Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները»:
Տեղեկագրում նշված է նաև, որ սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 24 դիտակետ, այդ թվում 16-ը՝ ժամանակավոր: