Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների, Լեմկինի ինստիտուտի մտահոգության հետ կապված, «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ «առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման» հավանականություն է տեսնում․ ինստիտուտը կարմիր՝ ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել։
Պետքարտուղարությունը նշել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով՝ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։
«Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում։