Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կոչ է անում Երևանին ու Բաքվին վերադառնալ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ


Վաշինգտոնը կոչ է անում Երևանին ու Բաքվին վերադառնալ խաղաղ բանակցություններին։

Երեկ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից զատ կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են և պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու և հանգուցալուծելու այդ հարցերը։

ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր մեղավոր են վայրագությունների համար, երբ ապացույցներ ունենան, որ դրանք իսկապես տեղի են ունեցել։


«Անշուշտ, ճիշտ է, որ հարյուր հազար, կամ, ասեմ, մոտ հարյուր հազար, էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից մեկնել են Հայաստան։ Հիմա կարծում եմ, մեզանից ոչ ոք չի կարող ասել, թե այդ մարդկանց քանի՞ տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում, քանի՞ տոկոսը կարող է ցանկանալ վերադառնալ, եթե պայմանները թույլ տան։ Այդ իսկ պատճառով մենք կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը կապահովի թափանցիկություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն և անվտանգությունը։ Ադրբեջանը տվել է այդ հավաստիացումները։ Մենք կարծում ենք, որ այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն՝ դրանք դիտարկելու և երաշխավորելու համար», - ասել է Միլլերը՝ կրկին շեշտելով՝ ովքեր ցանկանում են, պետք է վերադառնան Ղարաբաղ և նրանց իրավունքները պետք է հարգվեն, և պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն՝ դա ապահովելու համար:

«Ադրբեջանը երաշխավորում է, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պաշտպանված կլինեն»,- եզրափակել է նա։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 հազար 520։ Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը՝ 21 հազար 107 է։

XS
SM
MD
LG