Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին կորոշվի Լեռնային Ղարաբաղի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը․ Միլլեր


Առաջիկա օրերին կորոշվի Լեռնային Ղարաբաղի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության ժամանակ պնդում է հրադադարի պահպանման և հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը։

«Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը: Սա նշանակում է ապահովել մարդասիրական բեռների մատակարարումը: Եվ սա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու համար մարդասիրական կարիքների բավարարումը», - մանրամասնել է Միլլերը:

«Մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության հայտարարությունները, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։
[ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը] ուղղակիորեն այդ հարցը դրել է [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում]։ Եվ մենք ուրախ ենք, որ նա [Ալիևը] համաձայնել է դրան։ Առաջիկա օրերին մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ հստակ որոշելու, թե ինչպիսին կլինի այս առաքելությունը»,- ասել է Միլլերը։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման օգտին։

«Մենք ցանկանում ենք վերադարձ տեսնել բանակցային սեղան, որտեղ նրանք [Ադրբեջանը և Հայաստանը] կարող են հասնել արժանապատիվ և տևական խաղաղության»,- ասել է դիվանագետը։

XS
SM
MD
LG