ԱՄՆ բավականին հստակ է միջազգային առաքելության ստեղծման հարցում և աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ դրա իրականացման լավագույն մեխանիզմը գտնելու ուղղությամբ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ առանց հստակեցնելու, թե ում հետ են աշխատում, ինչ տարբերակներ են քննարկվում։
Օրերս Վաշինգտոնը հայտարարեց, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կապահովի թափանցիկություն և կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը՝ նշելով՝ առաջիկա օրերին կորոշվի առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը։
Հարցին, թե ԱՄՆ-ը որքա՞ն լուրջ է վերաբերվում միջազգային առաքելության ստեղծմանը, Բաքուն կհամաձայնի՞ դրան, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը երեկ պատասխանել է՝ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում դրա ստեղծմանը՝ շեշտելով՝ նույնիսկ պետքարտուղարն է այդ հարցը բարձրացրել նախագահ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում, հորդորել նրան՝ աջակցել միջազգային առաքելությանը։
«Երեկ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, որ աջակցում է առաքելությանը։ Իրականում իրենց հայտարարության մեջ ասվում է, որ իրենց սատարելու պատճառներից մեկն այն է, որ ամերիկյան կողմն է ճնշում գործադրել դա անելու համար», - ընդգծել է Միլլերը։
Տե՛ս նաև այստեղ