Արմեն Աշոտյանի գործով դատավոր Դոլմազյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մեջբերումներ Րաֆֆիից ու Աստվածաշնչից, օրինակներ կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի կյանքից, համեմատություններ այսօր ադրբեջանական դատարաններում հայերի դատավարությունների հետ. նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչ, հանրապետական Արմեն Աշոտյանը, որ մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացում ու Բժշկական համալսարանից գույքի հափշտակություն կազմակերպելու համար, այսպիսի հռետորաբանությամբ միացավ իր փաստաբանների՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը։

Դատավոր Վահե Դոլմազյանն, այդուհանդերձ, ընդհատեց ընդդիմադիր Աշոտյանին՝ հիշեցնելով՝ գործն ինչի մասին է ու ինչ միջնորդությունն է քննվում։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատավոր Դոլմազյանը կողմնակալ է և չի կարող արդար քննել Աշոտյանի գործը։ Ընդ որում՝ թե՛ փաստաբանները, թե՛ հենց ինքը՝ նախկին նախարարը՝ որպես գլխավոր հիմնավորում նշում էին հանգամանքը, որ Դոլմազյանը ևս 3 ամսով երկարաձգել է Աշոտյանի կալանքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան

48-ամյա ընդդիմադիր գործչին անցած տարի էին մեղադրանք առաջադրել, նա յոթ ամիս ազատության մեջ էր և կալանավորվեց միայն այս հունիսին, երբ քննիչները պնդեցին, որ փորձել է խոչընդոտել գործի քննությանը։ Պատմական ակնարկներով հեգնական իր ելույթում՝ Աշոտյանն այս հարցին, սակայն, չանդրադարձավ, փոխարենը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչպես դատավորը 5 ժամ տևած նիստից հետո անգամ 10 րոպե չանցկացրեց խորհրդակցական սենյակում, այլ միանգամից որոշեց իրեն ետ ուղարկել բանտ։

«Սա իրականում մարդկային բանականության նոր ռեկորդ է, ես վստահ եմ, որ հատկապես այս ելույթիցս հետո նման առաջարկություններ պետք է որ ստանաք, որոհետև անհնար է սովորական շարքային մարդը գոնե 10 րոպե չվերցներ, չգնար հանգստի սենյակ, մի հատ ի մի բերեր այսքան բանը», - ասաց նախկին նախարարը:

Մեղքը չընդունող Աշոտյանի թիմակիցները շարունակում են պնդել, որ նա քաղբանտարկյալ է և բանտում է հայտնվել վարչապետ Փաշինյանին Արցախի հարցում վարած քաղաքականությունը կոշտ քննադատելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աշոտյանը շինծու և զավեշտալի է համարում իրեն առաջադրված մեղադրանքը

Այսօր էլ դատարանում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության ղեկավար անդամը պնդեց՝ իրեն դատում են իր խոսքի համար, նիստի ընթացքում էլ պարբերաբար իր գնահատականներն էր հայտնում գործող իշխանության վերաբերյալ։

Իշխանության շարքերից ի պատասխան հայտարարում են, որ իրենք իրավական գործընթացների վրա չեն ազդում, կա հանցանքի կասկած, և իրավապահները քննություն են անցկացնում։

Ի վերջո դատավոր Վահե Դոլմազյանն առանց խորհրդակցական սենյակ գնալու ինքն իրեն բացարկ չհայտնեց ու կշարունակի քննել այս գործը։

Դատական նիստի ավարտին այսօր տուժող կողմի միակ ներկայացուցիչ, Բժշկական համալսարանի Արհկոմի նախկին նախագահ Գալինա Հարությունյանը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել դատավարությանը, քանի որ քրեական գործի մեջ նշված ժամանակահատվածում ազատված է եղել աշխատանքից և չի կարող ցուցմունք տալ, թե ինչպե՞ս է տեղի ունեցել փողերի լվացումը։

Դատարանը, սակայն, որոշեց այս հարցը քննարկել հաջորդ՝ նոյեմբերի 6-ին կայանալիք նիստում։