Վրաստանի Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր ձայների մեծամասնությամբ բավարարեց երկրի նախագահին պաշտոնանկ անելու` պատգամավորների դիմումը: Բարձրագույն դատական ատյանը հայտարարեց` Սալոմե Զուրաբիշվիլին իսկապես խախտել է Սահմանադրությունը՝ առանց կառավարության թույլտվության այցելելով մի շարք եվրոպական երկրներ։
«2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 6-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտասահման կատարած աշխատանքային այցերի ընթացքում` առանց Վրաստանի կառավարության համաձայնության, իրականացրել է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերությունների ոլորտում՝ խախտելով Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետի դրույթների1-ին կետը», - նշված է հայտարարությունում։
Ինքը` Զուրաբիշվիլին, երեք օր տևած դատավարությանը ներկա չէր, բայց մինչ այդ հայտարարել էր, թե որևէ օրենք չի խախտել, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հետ էլ հանդիպել է հանուն Վրաստանի եվրաինտեգրման:
«Ես հեռանալու միտք չունեմ», - շաբաթներ առաջ պնդել էր նա` վրացիներին հղած ուղերձում:
«Նրանք գիտեն, որ ես ձեր ընտրված ներկայացուցիչն եմ, և որ եվրոպական ապագան ձեր ընտրությունն է։ Այդ իսկ պատճառով նրանք մեզ աջակցում են և նման հարգանքով են վերաբերվում ինձ, բայց ոչ թե ես եմ դրան արժանի, այլ դուք եք դրան արժանի: Ես հպարտ եմ, որ ձեզ եմ ներկայացնում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում», - նշել է Վրաստանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխող ուժը «չար է և վիրավորված նախագահից»․ ԶուրաբիշվիլիՀիմա արդեն հարցը պետք է քննի խորհրդարանը, որի մեծամասնությունն էլ նախաձեռնել էր այս գործընթացը: Ըստ օրենքի, Ազգային ժողովը երկու շաբաթ ունի` որոշում կայացնելու համար, սակայն, իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե այդքան սպասելու միտք չունեն:
«Այս շաբաթվա ընթացքում Վրաստանի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները կորոշեն` արդյոք նա իրավասու է զբաղեցնել Վրաստանի նախագահի բարձր պաշտոնը: Եթե Սալոմե Զուրաբիշվիլին արժանապատվություն ունենար, Վրաստանի Սահմանադրությունը խախտելուց հետո ինքն անմիջապես պետք է հրաժարական տար», - ասել է Կոբախիձեն:
«Վրացական երազանքը» իզուր չէ հորդորում նախագահին սեփական կամքով հեռանալ, քանի որ հակառակ դեպքում նրան պաշտոնանկ անելը բարդ, եթե ոչ անհնարին կարող է լինել: Օրենքով դրա համար անհրաժեշտ է 100 ձայն, մինչդեռ իշխող կուսակցությունն ունի միայն 88 պատգամավորի աջակցություն։ Կոբախիձն, սակայն, հույսը չի կորցնում:
Իրակլի Կոբախիձե հայտարարել է, թե «ակնկալում ենք, որ առնվազն մի քանի ընդդիմադիր պատգամավորներ բավարար հայրենասիրություն ու սկզբունքայնություն կդրսևորեն և թույլ չեն տա, որ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության խախտումը մնա անհետևանք»:
Ընդդիմադիր խմբակցությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը», սակայն, հայտարարել են, որ կա՛մ չեն մասնակցի քվեարկությանը, կա՛մ դեմ կլինեն իմփիչմենթին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոբախիձե. «Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է, չկա 100 քվե»71-ամյա Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին կին նախագահն է, նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2018-ից, և ըստ օրենքի, ևս մեկ տարի ունի մինչև նախագահության ավարտը:
Կառավարություն-նախագահ այս բանավեճը ընթանում է Վրաստանի համար վճռորոշ փուլում. Եվրամիությունը մինչև այս տարեվերջ պետք է դիտարկի Վրաստանի թեկնածության հարցը, մյուս տարի էլ երկրում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: