Վրաստանի Սահմանադրական դատարանում մեկնարկել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու լսումները։ Այդ հայցով բարձրագույն դատարան են դիմել իշխող ուժի «Վրացական երազանք»-ի մի խումբ պատգամավորներ։
Զուրաբիշվիլին Բաթումի չի մեկնել, որտեղ ՍԴ-ի նիստն է անցկացվում, ասելով, թե լիովին վստահում է իր ներկայացուցիչներին։
Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»-ը նախագահին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ, քանի որ ըստ Սահմանադրության նախագահն արտաքին քաղաքականության լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ, սակայն Զուրաբիշվիլին արտերկրում հանդիպումներ ու բանակցություններ է վարում առանց կառավարության համաձայնության։
Սահմանադրական դատարանի եզրակացությունից հետո նախագահին պաշտոնազրկելու հարցը քննարկվելու ու քվեարկության է դրվելու խորհրդարանում, որտեղ «Վրացական երազանք»-ն այդ հարցը միայնակ ընդունելու անհրաժեշտ քանակի ձայներ չունի։