Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
Տարածած հայտարարությունում Հայաստանի արտգործնախարարությունը շեշտել է՝ Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները՝ չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։
Երևանը հայտարարում է՝ «կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար, նաև կոչ է անում միջազգային գործընկերներին՝ հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե՛ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարբեր միջազգային ատյաններում»։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները երեկ հաստատեցին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը տեղափոխվել են Բաքու, ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նրան ևս տանում են Բաքու:
Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19 -ի ռազմական հարձակումից հետո հայտարարել էր, թե զենքերը վայր դնելու դեպքում կդիտարկի զինվորականների նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի