Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի


Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Այդ մասին տեղեկությունը սեպտեմբերի 29-ին տեղադրվել է դատարանի պաշտոնական կայքէջում:

«Հայաստանը՝ վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, դատարան է ուղարկել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ կիրառելու միջնորդություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։

Բացի այդ, հայկական կողմը հայցի տեքստում ներառել է սեպտեմբերի 19-ից հետո իրենց կողմից օկուպացված տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներից ադրբեջանցի զինվորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դուրս բերելու պահանջը։

Հայաստանը նաև պնդում է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։

Հայցում նշվում է, որ Բաքուն պետք է ՄԱԿ-ի դատարան ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում զեկուցի դրա իրականացմանն ուղղված միջոցառումների մասին, այնուհետև երեք ամիսը մեկ տեղեկացնի այդ մարմնին, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։

Հայաստանը նաև խնդրել է Դատարանին վերահաստատել իր կայացված որոշումներով Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները, մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG