Ավելի քան 24 ժամ ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանից այս պահին Բաքուն միայն երկու րոպեանոց տեսանյութ է հրապարակել։ Նախկին պետնախարարի ձեռքերն ազատ են արձակվում միայն վերջում, երբ նա ենթադրաբար պատասխանում է քննիչի հարցերին։
Արդեն հայտնի են մեղադրանքները՝ երեք ծանր հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծում։ Վարդանյանը կալանավորված է չորս ամսով։
Նրա կյանքի իրավունքը պաշտպանելու հարցով Հայաստանի կառավարությունը երեկ դիմել է Եվրոպական դատարան։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դեռ նորություն չունի:
«Դատարանից պահանջել ենք կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները, առաջնային, բնականաբար, երկրորդ և երրորդ հոդվածների մասին խոսքը գնում՝ կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային դաժան վերաբերմունքի արգելք: Հուսով ենք՝ արագ կարձագանքի դատարանը, կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ, երբ որ ստանանք պատասխան, կփոխանցենք նաև իրենց», - նշեց Եղիշե Կիրակոսյանը:
Երևանում ծնված Վարդանյանը «Ֆորբսի» գնահատմամբ, մեկ միլիարդ դոլարի կարողություն ունի։ Երկար տարիներ բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու IDeA հիմնադրամի 55-ամյա համահիմնադիրը ուղիղ մեկ տարի առաջ ստանձնեց Արցախի պետնախարարի պաշտոնը՝ դրանից երկու ամիս առաջ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Բաքուն ողջ այդ ընթացքում պնդում էր, թե նա Կրեմլի դրածոն է։ Ռուսաստանից, սակայն, հայտարարում են, թե Վարդանյանի պաշտպանությամբ չեն զբաղվի, քանի որ նա հրաժարվել է անձնագրից։
Թե ո՞վ կստանձնի Վարդանյանի պաշտպանությունը Բաքվում, առայժմ պարզ չէ, նրա ընտանիքը դեռ պարզաբանում չի տալիս։
Վարդանյանը փետրվարին իր պաշտոնանկությունից հետո մնացել էր Արցախում։ Նա սեպտեմբերի 19-ին՝ նույն ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր ռազմական գործողությունները, կոչ էր արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս վերջի հարձակումից ուղիղ մեկ ամիս առաջ էլ «Ազատության» եթերում խոսել էր Բաքվի հետ բանակցությունների մասին։
«Մենք անպայման պիտի Ադրբեջանի հետ անենք բանակցություններ ոչ թե ուղղակի որպես թույլ կողմ, այլ այն կողմը, որն ասում է՝ մենք գիտենք ինչ իրավիճակի մեջ ենք, բայց պատրաստ ենք դիմանալու և այդ բանակցությունները լինեն ոչ թե ձեր օրակարգով, այլ երկկողմանի քննարկումների միջոցով և երրորդ կողմը պիտի մասնակցի որպես երաշխավոր մեր բանակցությունների, որովհետև դուք չեք պահում ձեր խոսքը, ձեր խոսքն ամեն անգամ խախտում եք ու ձեր խոսքն արժեք չունի», - նշել է Վարդանյանը: