Այսօրվա տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստան, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով՝ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց։
«Նախորդ երեկոյից նախորդ ցուցանիշը գրեթե չի փոփոխվել, և սա նշանակում է, որ հիմնական մարդկային հոսքը դադարել է, և առավելապես Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և իհարկե բնակչության քիչ զանգվածը», - ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը։
Երեկվա վերջին տվյալներով՝ Արցախից Հայաստան էր ժամանել 100 հազար 514 բռնի տեղահանված անձ։
Բաղդասարյանն այսօր ասաց, որ հաշվառվել է 89 հազար 167 անձ, իսկ հաշվառումը, ըստ մամուլի քարտուղարի, կարևոր է, որպեսզի անձինք կարողանան օգտվել աջակցության տարբեր ծրագրերից։
«Շուրջ 54 տոկոսը կամ 53 հազար 935 անձ օգտվել է պետության տրամադրված կեցավայրերից», - ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է բացեն քարտային հաշիվներ». խորհրդակցություն՝ աջակցության ծրագրերի շուրջ