Մատչելիության հղումներ

Ալիև. «Մենք մեր նահատակների գնով ապահովեցինք ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի իրականացումը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը երեք տարի առաջ հասել է հիմնական նպատակին՝ վերականգնել է 30 տարի խախտված տարածքային ամբողջականությունը։

Այդ մասին Բաքվում գումարված Տիեզերագնացության 74-րդ միջազգային համաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ Ադրբեջանը գրավման և էթնիկ զտումների զոհ էր:

«Դա մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար և մեծ հումանիտար աղետ։ Մենք երկար տարիներ փորձել ենք հակամարտությանը և օկուպացիային վերջ տալ խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիևը։

Նրա հավաստմամբ, 28 տարի շարունակ Ադրբեջանը հավատարիմ էր բանակցային գործընթացին, սակայն երեք տարի առաջ որոշել է օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքից:

«Երեք տարի առաջ մենք ազատագրեցինք մեր տարածքները, վերջ դրեցինք օկուպացիային, իսկ անցած ամիս մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ալիևը:

Նա քննադատել է միջազգային կազմակերպությունների աշխատանքը, նշելով, որ դրանք պարտավոր էին վերջ տալ հակամարտությանը, սակայն որևէ արդյունքի չեն հասել։

«ՄԱԿ-ի չորս բանաձևերը պահանջում էին հայկական զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում, բայց այդ բանաձևերը թղթի վրա մնացին 27 տարի։ Մենք մեր շեհիդների (նահատակների) կյանքի գնով ապահովեցինք դրանց իրականացումը»,- հավելել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն այսօր կարող է թևակոխել խաղաղության դարաշրջան։

«Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ շահ: Այսօր մենք դա ենք ցույց տալիս»,- ընդգծել է պետության ղեկավարը։

XS
SM
MD
LG