Հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրամիության առաջնորդների հավաքին երկրորդ անգամ բանակցությունների նույն սեղանի շուրջ են նստելու Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպայի խորհրդի ղեկավարները։
«Ցավոք սրտի՝ ոչ, որովհետև, եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և մենք ուզում ենք հնարավորինս արագ, ասենք, օրինակ, մինչև տարեվերջ-մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Իմ աշխատանքն է դա հնարավոր դարձնելը»։
«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են»
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը որոշ մանրամասներ հայտնեց. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերջին փոխանակումներից հետո սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են։
«Անշուշտ, խմբագրությունից խմբագրություն՝ ասել, թե որևէ առաջընթաց չի արվում, սխալ կլինի, հղկվում է տեքստը։ Իհարկե, ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան», - ասաց Միրզոյանը։
Դիտարկմանը, թե մասնավորապես Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունում միջազգային մեխանիզմն ներդնելու մասով, երեկ կրկին Ադրբեջանից ասել են, որ բացառվում է որևէ երկրի մասնակցություն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արձագանքեց․ - «Նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի պաշտոնական Բաքվի և Ստեփանակերտի միջև, միևնույն է՝ մնալով երկուսով սենյակում, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այդ խոսակցությունը, թելադրել պահանջներ, պայմաններ, եթե չլինի միջազգային ներկայություն»։
Հարցին, թե միջազգային մեխանիզմը «կարմիր գի՞ծ» է Երևանի համար, Միրզոյանը պատասխանեց․ -«Սկզբունքներն են կարմիր գիծ՝ մենք ուզում ենք, որ իրական լուծումներ տրվեն իրական խնդիրներին»։
Վարչապետ Փաշինյանը, որ օրերս Ստեփանակերտին հորդորել էր ներգրավվել Բաքվի հետ միջազգային մեխանիզմով երկխոսությանը, ասաց, թե փորձել է հասկանալ՝ ի՞նչ կա Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ուղղված մեղադրանքների հիմքում, թե տապալում են բանակցությունները։
«Վստահ չեմ, որ Բաքվում բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու», - ասաց գործադիրի ղեկավարը։
Ինչ վերաբերում է առանցքային մյուս անհամաձայնությանը, թե ինչ քարտեզով է գծվելու սահմանը, արտգործնախարար Միրզոյանի փոխանցմամբ, որոշ շարժ այստեղ կա։
«Կա խոսակցություն, որը նախկինում չկար՝ ավելի փոխըմբռնման մթնոլորտում։ Դրական ազդակներ տեսնում ենք, միևնույն ժամանակ ուզում եմ կրկին վերապահում հայտնել, որովհետև նույնիսկ ոչ միայն մտքերի փոխանակություններ, կոնկրետ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, և Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ փոշմանում է, կա՛մ տվյալ պահին որևէ դիվանագիտական խաղ է անում», - ասաց արտգործնախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց Էրդողանի առաջարկը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում անցկացնել, ասաց՝ բանակցությունների այլ առաջարկներ էլ կան, որևէ մեկը չի առանձնացնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն առաջարկում է Ղարաբաղի հարցով Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի հետ քառակողմ հանդիպում անցկացնել«Սահմանային լարվածությունը պահպանվում է»
Սահմանային լարվածությունը պահպանվում է, հայտնեց վարչապետը։ Անդրադառնալով ադրբեջանական զինուժի նոր կուտակումների մասին կեսգիշերից Լեռնային Ղարաբաղից ստացվող ոչ պաշտոնական տեղեկություններին՝ արտգործնախարարն ասաց, թե Բաքվի պահվածքն անկանխատեսելի է, լարվածություն միշտ պետք է սպասել։
«Թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին մենք տեսել ենք մի քանի անգամ ներխուժումներ Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի տարածքների օկուպացիա, և նաև անընդհատ սպառնալիքներ, ատելության խոսք նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Հումանիտար աղետի եզրին են հասցրել, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և այո՛, լարվածություն միշտ սպասում ենք», - հայտնեց արտգործնախարարը։
Միրզոյանի հավաստմամբ, Երևանը միջազգային գործընկերների հետ աշխատանքով գործադրում է բոլորը ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ բերելու համար։
«Մենք Հայաստանի կողմից վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն, ուզում ենք տարածքային ամբողջականության ճանաչում, բայց, այո՛՝ փոխադարձ, որովհետև, գիտեք, Ադրբեջանը մեր սահմանները պետք է ճանաչի, կա այդպիսի պայմանավորվածություն, բայց մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ մասին հրապարակային հայտարարություններ անել», - ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Մինսկի խմբի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահների իրար հաջորդող այցերի նպատակն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի համար լուծում գտնելն է, որը դեռ չկա, չթաքցրեց արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի գործողություններն են տորպեդահարում խաղաղության գործընթացը. Էդմոն Մարուքյան«Վերջին շրջանում էլի են եղել նոտաների փոխանակում»
Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին հարցին ի պատասխան վարչապետը հիշեցրեց Պուտինի խոսքերը, թե Հայաստանի և Փաշինյանի հետ խնդիրներ չկան։ Մինչդեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հատնեց, որ Ռուսաստանի ուղարկած բողոքի նոտան միակը չէ, Երևանից էլ Մոսկվա է նոտա գնացել՝ առանց մանրամասնելու, թե ինչ թեմայով։
«Վերջին շրջանում էլի են եղել նոտաների փոխանակում և՛ մեր կողմից, և՛ իրենց կողմից։ Ցանկացած հարաբերություններում խնդիրներ առաջանում են, և ես կարծում եմ, որ խնդիրների մասին չլռելը և խոսելը մասնագիտական, գերատեսչական մակարդակով նաև հանրային մակարդակով չափազանց կարևոր է», - ասաց արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։
Մոսկվան ոչ բարեկամական էր որակել Ալեն Սիմոնյանի հակադարձումը Զախարովային, Կրեմլը դժգոհել էր հայ-ամերիկյան բանակցություններից և Ուկրաինա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի. վարչապետ