Մատչելիության հղումներ

Բաքուն դեռ հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն դեռ հույս ունի, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Այդ մասին ռուսաստանյան պետական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան կոչ է արել «հայկական ղեկավարությանը անել գլխավոր քայլը՝ խաղաղության պայմանագրի տակ ստորագրությամբ պաշտոնապես արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր երկրի Ղարաբաղյան տնտեսական շրջանը, և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտությունից»: «Այդ թվում՝ մեր ներքին հարցերը, ինչպիսին Ղարաբաղում էթնիկ հայկական ծագմամբ մեր հայրենակիցների հետ մեր փոխգործողությունն է, բնակչության այդ խմբի իրավունքների և անվտանգության ապահովման պատրվակով միջազգային հարթակներ դուրս բերելուց», - շարունակել է Հաջիևը՝ նշելով. - «Նրանք մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ: Կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի մեր երկրում անջատողականությունը ֆինանսավորելու և բորբոքելու քաղաքականությունից»:

Իլհամ Ալիևի օգնականը բարձր է գնահատել միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներդրումը հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:

Խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հնարավորության մասին՝ Հաջիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրյան միջանցքի» բացումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է, այն «շահավետ է առաջին հերթին Հայաստանի համար»: Սակայն, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, եթե «Հայաստանը հրաժարվում է տարբեր պատրվակներով և ցանկանում է շարունակել մնալ մեկուսացման մեջ», Բաքուն մտադիր չէ սպասել և արդեն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանի այլ երկրների հետ այլընտրանքային նախագծերի վրա:

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։

Նոր պատերազմի հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ալիևի օգնականը հրաժարվել է «մեկնաբանել հիպոթետիկ սցենարները» և վստահեցրել. - «Մենք նպատակաուղղված ենք դեպի բոլոր գոյություն ունեցող հարցերի խաղաղ կարգավորում»:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG