Վերլուծաբանը չի կարծում, թե արցախահայությանը հնարավոր է ստեղծված դրությունից դուրս հանել արտաքին որևիցե ուժի օգնությամբ

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը չի կարծում, թե արցախահայությանը հնարավոր է դուրս հանել ստեղծված դրությունից արտաքին որևիցե ուժի օգնությամբ։

Ընդգծելով, որ թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի, թե՛ Փարիզի, թե՛ Պեկինի պարագայում առաջնայինը շահն է՝ վերլուծաբանը նկատեց՝ ոչ մի պետություն, կամ ուժային կենտրոն շահագրգռված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից Լեռնային Ղարաբաղն իբրև մեկ միավոր դուրս հանելու ուղղությամբ։

«Ազատություն»․ - Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի վատթարանում է, չկա՞ որևէ ուժ, կենտրոն, որը կկանգնեցնի Ալիևին։

Հովսեփյան․ - Դժբախտաբար, մեզ մոտ էլ բոլորիս հայացքները հառած են ինչ-որ կենտրոնների։

«Ազատություն»․ - Որովհետև բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը չի կարող դա անել։

Հովսեփյան․ - Սովորաբար արտաքին ուժային կենտրոնների։ Ճիշտ է, մեկ նայում ենք Հյուսիս, մեկ նայում ենք Բրյուսել, մեկ նայում ենք Վաշինգտոն՝ ակնկալելով, որ մի ուժ հեսա պետք է գա և փրկի արցախահայությանն էդ դրությունից։ Ցավոք սրտի, մենք արցախահայությանն էս դրությունից արտաքին որևիցե ուժի օգնությամբ չեմ պատկերացնում, որ դուրս կհանենք, ինչո՞ւ, որովհետև արտաքին որևիցե ուժ Ղարաբաղի հարցում ինչ-որ գործողություն անելու համար պետք է ծախսի ռազմական և քաղաքական ինչ-որ կապիտալ, նաև տնտեսական։ Հիմա, եթե նայում ենք մենք միջազգային հարաբերություններում էն դերակատարներին, ովքեր կան, ովքեր որոշումների կայացման վրա գործիք են, գործոն են, էստեղ ոչ մեկը, կարծում եմ, պատրաստ չէ դրան և ցանկություն էլ չունի, նպատակ էլ չունի։ Դա շատ լավ երևաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ որ տեսանք հայտարարությունները։ Անշուշտ որոշ պետությունների ներկայացուցիչներ խոսում էին Հայաստանի կամ Արցախի հանդեպ սիմպատիայով, բայց ինչպես տեսնում ենք, խոսակցությունը չի վերածվում գործի, ինչը լիովին բնական է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի

«Ազատություն»․ - Բնակա՞ն է, որ անգամ, եթե ցեղասպանությունը, մարդու իրավունքներն են նժարի վրա։

Հովսեփյան․ - Տեսեք, բնական, որ ասում եմ, նկատի ունեմ միջազգային հարաբերությունների առկա համակարգում է բնական, թե չէ, բնականորեն, բարոյական տեսանկյունից ոչ մի նորմալ մարդ դա չի կարող նորմալ համարել, կամ բնական համարել, որովհետև բոլոր ուժային կենտրոնների՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի, թե՛ Փարիզի, թե՛ Պեկինի, բոլորի պարագայում առաջնայինը շահն է։ Այսինքն՝ ով ինչ շահ ունի դրանից։ Հիմա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից Լեռնային Ղարաբաղը իբրև մեկ միավոր դուրս հանելու ո՞ր մի պետությունը, կամ ո՞ր մի ուժային կենտրոնը դրանում շահագրգռված է, ոչ մեկն, ինձ թվում է, շահագրգռված չէ։ Իսկ ինչ վերաբերում է այն խոսքերին, որ մարդիկ այնտեղ սովահար են լինում, ճիշտ եք ասում, բոլորս ցավում ենք, բանական մարդը հակառակ զգացում չի կարող ունենալ։

Նժդեհ Հովսեփյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․