Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում

Հայ-ադրբեջանական սահմանի, Արցախի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են։

Հայաստանի անվտանության խորհրդի քարտուղարն այս մասին տեղեկացրել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

«Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունում այսօր ընդունել են մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին։ Պաշտոնական հաղորդագրությունից ենթադրում ենք, որ նրանց նույն մտահոգությունն է փոխանցվել. - «Հայաստանի զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար»։

Մի քանի օր է ադրբեջանական զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժի, նաև զորահավաքի կադրեր են տարածում համացանցի ադրբեջանցի օգտատերերը։ Նրանք այսօր Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունից խիստ զգուշացում ստացան՝ զինված ուժերի տեղաշարժի, պահեստազորի հավաքների վերաբերյալ տեսանյութեր չտարածել։

Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում։

«Դեռևս շատ դժվար է ասել... սա ի վերջո շանտաժ է, սա սպառնալիք է, սա մուսկուլների ցուցադրո՞ւմ է, թե՞ սա նախապատում է հնարավոր ռազմական գործողությունների», - ասում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյան


Նրա խոսքով, ադրբեջանական զինուժի շարժեր են Արցախի ու Հայաստանի սահմանի ողջ երկայնքով. - «Դրանք հատկապես դրսևորվում են Արցախում, նախկին Աղդամի ուղղությամբ։ Աղդամը այնտեղ սահմանակից է և' Ասկերանի շրջանին, և' Մարտունու շրջանին, և' Մարտակերտի շրջանին։ Այսինքն՝ ըստ էության Աղդամ ասելով ավելի մեծ ճակատ է»։

Կուտակումներ են Քարվաճառի հատվածում, որ Վարդենիսի հետ շփման գիծն է, Նախիջևանի սահման, Սյունիք։ Ըստ Աբրահամյանի, Բաքուն փորձում է ճնշումը մեծացնել բոլոր ուղղություններով։

Երեկ Արցախի Պաշտպանության բանակը նույնպես տեսանյութ տարածեց՝ ահազանգելով, որ շփման գծում Ադրբեջանը մեծաքանակ ռազմական տեխնիկա, այդ թվում հրետանային միջոցներ է կուտակում։ Այս հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե բանակում ուսումնական նոր շրջանի վարժանքներ են, և ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրերից ուսումնական կենտրոններ ու հրաձգարաններ են գնում։ Այդ վարժանքների մասին գերատեսչությունը նաև տեսանյութ տարածեց։

«Քիչ չեն դեպքերը, երբ հենց ուսումնական վարժանքներն են վերածվում մարտականա գործողությունների», - շեշտում է Տիգրան Աբրահամյանը։ Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե դիվանագիտական ճանապարհով չլուծված հարցերը կլուծեն ուժով։

Ըստ Աբրահամյանի, Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը երկու պատճառով է սրվել. - «Դրանցից մեկը Հայաստան - Ադրբեջան մակարդակում այն փաստաթղթի շուրջ բանակցություններն են, որը ստացել է Խաղաղության պայմանագիր անունը, բայց իրականում բովանդակությունը որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ Մտել են այն փուլ այդ բանակցությունները, որտեղ Ադրբեջանը պահանջում է մեկ բան, Հայաստանի սպասելիքը լրիվ այլ բան է, և կարծես կոմպրոմիսներ եղած չհամաձայնեցված դրույթների շուրջ այս պահին գոնե չի կայանում»։

Ըստ պատգամավորի, Արցախի դիմադրությունն է նաև Բաքվին հունից հանում։ Արցախի պետական համակարգի լուծարման և ուղիղ հսկողություն հաստատելու ադրբեջանական պահանջին հակառակ Ստեփանակերտում քաղաքական նոր վերադասավորումներ են։

Սահմանի տարբեր ուղղություններով ադրբեջանական զորաշարժին զուգահեռ հրադադարի խախտման մասին ամենօրյա հաղորդագրություններ են տարածում թե' Բաքվի ու թե' Երևանի պաշտպանական գերատեսչությունները։ Միմյանց մեղադրում են կրակելու կամ ամրաշինական աշխատանք կատարելու համար։

«Այս ընթացքում ունեցել ենք տարբեր ագրեսիայի օրինակներ, որի պայմաններում, ըստ իմ տեղեկությունների, չի ֆիքսվել այն ողջ ծավալը, ռեսուրսը, որը կենտրոնացվել է և ինչ-որ փուլում օգտագործվել է Հայաստանի կամ Արցախի դեմ», - նշում է Աբրահամյանը։

Նա շեշտում է, որ Ադրբեջանը առաջնագծում հսկայական ամրաշինական աշխատանք է կատարել, և դրա նպատակլը ոչ միայն պաշտպանական առաջին գիծն ամրացնելն է, այլև խորքից աննկատ առաջնագիծ հասնելը։