43 դասագրքի ընդհանուր գրեթե 1 միլիոն տպաքանակ Կրթության նախարարությունը պետք է հասցներ տպել ու դպրոցներ ուղարկել օգոստոսի երկրորդ կեսին, սեպտեմբերի 6-ին, սակայն, շատ դպրոցներ դասագրքերի միայն մի մասն են ստացել։ Թե երբ կստանան մյուս գրքերը, «Ազատության» հարցումը պարզեց՝ սովորողներն ու ծնողները դպրոցներից տարբեր պատախաններ են ստացել։
«Աղջիկս երկրորդ դասարանում է։ Ժամկետ չեն ասել, թե երբ կլինեն նոր գրքեր», - ասաց հարցվածներից մեկը։
Մեկ այլ զրուցակից էլ նշեց․ - «Մեզ մոտ նախ խնդրել էին պատճենել, հետո ասացին, որ դպրոցը կտրամադրի պատճենները։ Իսկ գրքերը հավանաբար հոկտեմբերին կլինեն։ Աղջիկս այսօր գրքերի մի մասը ստացել է արդեն, 5-րդ դասարան է»։
Նոր դասագրքերի մի մասը դեռ տպարաններում է
2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այս ուսումնական տարում նախարարությունը ներդրել է նոր չափորոշիչներ ու նոր դասագրքեր։ Դասագրքերի մասը դեռ տպարաններում է։
Սեպտեմբերի 1-ին երբ երեխաները դպրոց գնացին ու գրքեր չստացան, բազմաթիվ ուսուցիչներ խնդրեցին ծնողներին դասագրքերի օնլայն տարբերակներից տպել որոշ հատվածներ, նախարարությունն արդեն երեկոյան շրջաբերական տարածեց ու հորդորեց ծնողներին՝ զերծ մնալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից։
«Մեզ ասել էին կա՛մ տպենք, կամ՛ բերենք համակարգիչները, պլանշետները, որ սայտին կպնենք ու էդպես դաս սովորենք», - «Ազատությանը» փոխանցեցին աշակերտները։
Հարցին, թե ուսուցիչները չեն ասե՞լ, որ հեռախոս բերել հարկավոր չէ, իրենք տպած թղթերը կտան, էդպես դաս կանեք, աշակերտները պատասխանեցին, որ ոչ։
«Մեր անգլերենի ուսուցչուհին ասաց, որ հեռախոսները բերենք, մենք հեռախոսները բացեցինք և էդպես դաս արեցինք», - ասաց աշակերտներից մեկը։
Կան նաև դպրոցներ, որտեղ ծնողներին հայտնել են՝ իրենք կտրամադրեն գրքերից տպված թերթիկներ՝ սեփական միջոցներով, որոնցով կաշխատեն առաջիկա շաբաթներին՝ մինչև նոր տպված գրքերը հասնեն երեխաներին, մինչ այդ կաշխատեն երկու տարբերակով՝ կա՛մ տպված թեթիկներ, կա՛մ հեռախոսներ ու էկրաններ։ Թեև վերջին տարբերակի մասին տեղեկություն նախարարության շրջաբերականում չկա, սակայն ուսուցիչները կարող են ինքնուրույն որոշել։
Արդյո՞ք բոլորը երեխաներն ունեն էլեկտրոնային սարքավորումներ
Երևանում հարցմանը մասնակցած աշակերտները պատասխանեցին, որ թե՛ իրենք, թե՛ իրենց իրենց շրջապատում բոլոր աշակերտներն ունեն համապատասխան սարքավորումներ։
Առանց ձայնագրելու զրուցեցինք նաև Սյունիքի գյուղերից մեկում աշխատող ուսուցչի հետ։ Նա ասաց, որ ունի նաև բազմաթիվ սոցիալապես անապահով աշակերտներ, հետևաբար փորձելու են հեռախոսների փոխարեն տպված թերթիկներով աշխատել, մինչև գրքերը կլինեն։
Մինչ այդ որոշ ծնողներ սոցցանցում բարկացած են արձագանքում նախարարության հորդորներին։
«Կներեք էլի, Կրթության նախարարությունը, որ ամպագոռգոռ բառերով ասում ա ԶԵՐԾ ՄՆԱԼ գնելուց, կամ չպարտադրել ծնողին պատճենել, կներեք բա ի՞նչ անենք: Առաջինն իրենք են օրենքը ոտնահարում՝ չապահովելով տարրական դասարանի աշակերտներին անվճար գրքերով, և, առհասարակ, եթե գիտեն, որ չեն հասցնելու, ուրեմն թող իրենց կարողություններից վեր ոչինչ չձեռնարկեն», - սոցցանցում գրել է մի ծնող։
«Գլխավոր պատճառը՝ ներդրված մեծ ծավալի նորություններն են»
Պատասխանատուներն արդյոք տեղյակ չէին, որ գրքերը պետք է պատրաստ լինեն սեպտեմբերին, ինչո՞ւ ժամանակին չեն սկսել գործընթացը․ նախարար Ժաննա Անդրեասյանն օրեր առաջին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրեց, որ գլխավոր պատճառը ներդրված մեծ ծավալի նորություններն են։
«Երևի թե ես որևէ կերպ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին առնվազն շուրջ 15 տարում մեր երկրում որևէ նոր դասագրքի ստեղծման փորձեր, բացառությամբ մի քանի հատվածային և ոչ համակարգված քաղաքականության, չի իրականացվել։ Բնականաբար, սա հեշտ աշխատանք չէր, և տևեց ժամանակ որպեսզի այդ մրցութային ընթացակարգերը, կարգերը և նաև նոր մրցույթները կայանան», - ասաց նախարարը։
Ուսուցիչները լռում են՝ հրաժարվելով խոսել վերադաս օղակի ստեղծած խնդիրների մասին, որոշ ծնողներ ընդհանրապես խնդիր չեն տեսնում, մյուսները նշում են, որ ստիպված գնելու են գրախանութներում հայտնված գրքերը, իսկ երեխաները ընդհանուր առմամբ դժգոհ չեն՝ պայուսակներն են թեթև։
«Երկրորդ դասարանցիների հետ չենք կարող հեռախոսով դաս անել»
Կրթության փորձագետը համեմատում է՝ դասագրքերը ժամանակին դպրոցին չհասցնելը նույն է թե Առողջապահության նախարությունն էլ վաղը հայտարարի, որ հիվանդանոցի դեղորայքն է մի քանի ամսով ուշանում՝ «մի՛ անհանգստացեք, կհասնի»։
«Եվ հատկապես դժվար է երկրորդ դասարանցիների համար, որոնց հետ մենք չենք կարող հեռախոսով դաս անել, համակարգչով, չենք կարող սև ու սպիտակ պատճենահանումներ անել, ինչպես հիմա խորհուրդ են տալիս, որովհետև էդ գրքերում գույները, նկարները կարևոր են։ Կարելի է յոլա տանել, բայց՝ ինչո՞ւ, երբ որ կարելի էր այնպես անել, որ այս իրավիճակը չլիներ», - ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Թե՛ կրթության փորձագետը, թե՛ հրատարակիչները վստահ են՝ նախարարությունը ուշ է սկսել գործընթացը:
Դեռ անցյալ տարվա մայիսին Տավուշում ավարտվել էին նոր չափորոշիչների փորձարկումները, բայց դասագրքերի մրցույթները հայտարվեցին միայն այս տարվա գարնանը։
«Բայց, հավանաբար, ամռանը երևի արձակուրդ գնացին, թուլացավ ամեն ինչ և այլն, և այդպես ձգձգվեց ու մեկ էլ հանկարծ նոյեմբեր ամսին հաստատվում է ծրագիր առանց չափորոշչի՝ չափորոշիչը չկա։ Հայտարարվում է դասագրքերի մրցույթ մարտի 31-ին, սակայն էդ ժամկետն էլ էր քիչ։ Այս ընթացքում նաև պարզ դարձավ, որ մրցույթի պայմանները հրատարակիչների համար վատթարացել են», - ասաց փորձագետը։
Տպագրատներից մեկը «իրեն պահել է շատ անշնորհք ձևով»
Նոր կարգի համաձայն գրքի հրատարակիչն ու տպագրողն այլևս նույն ընկերությունը չէ, այսպիսով նախ դասագրքի հեղինակ ու հրատարակիչ են ընտրում, ապա առանձին էլեկտրոնային աճուրդ հայտարարում և տպագրատուն ընտրում։
«Զանգակ» հրատարակչության տպարանը ևս մասնացել է այս մրցույթներին։ Պատմում են՝ ևս մի շարք դասագրքերի դեպքում ամռանը տեղի ունեցած տպագրության աճուրդը տապալվել է, իսկ նոր աճուրդը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 5-ին։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, տպագրողը պայմագրով կարող է մինչև նոյեմբերի 10-ը ժամանակ ունենալ՝ աշխատելու համար, իսկ տուժողների մեծ մասն ամենափոքրիկներն են՝ 2-րդ դասարանցիները։
«Քանի որ պայմանները խիստ չեն, շատ թույլ պայմաններ են դրված, ցանկացած կառույց կարող է մասնակցել այդ տպագրության մրցույթին՝ աճուրդին։ Կազմակերպություններից մեկը իրեն պահել է շատ անշնորհք ձևով, գներն ուղղակի միտումնավոր գցել է մրցույթի ժամանակ և 13 չափաբաժիններից 9-ը չափաբաժին տապալել։ Ինքն այն կարգի գներ է դրել, որ այլևս որևէ մեկն այդ կարգի գին չէր կարող առաջարկել՝ անհնարին էր ուղղակի էդ գնով անելը։ Ինչո՞ւ միտումնավոր, որովհետև տվյալ հրատարակչությունը գիտեր, որ ինքը մրցույթին մասնակցում է պակաս փաստաթղթով», - ասաց «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։
Ոլորտի փորձառուները նկատում են՝ բոլոր այս խնդիրները նախարարությունը պետք է կանխատեսեր, ի վերջո, չնայած կարգի փոփոխություններին, բայց առաջին անգամ չէին գիրք տպում։
«Զանգակի» տպարանն աշխատում է մինչև գիշերվա 2-ը, փորձում են պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ տեղ հասցնել այն դասագրքերը, որոնց մրցույթներում հաղթել են, բայց տնօրենն ասում է՝ իրենց՝ հրատարակիչների մոտեցումն այն է, որ շահող հրատարակչությունն ինքն էլ պետք է ստանձնի տպագրության պատասխանատվությունը՝ այս տարի առաջացած խառնաշփոթից խոսափելու համար։
«Նախկինում հրատարակչությունից են ուզել էդ ապրանքը, ոչ թե ֆայլերն են ուզել, այլ պատրաստի ապրանքը։ Այսինքն՝ մենք ամբողջը կոնկրետ հրատարակիչներով պլանավորում էինք, նույնիսկ մի տարի առաջ թուղթը պատվիրում էինք։ Մենք ենթադրյալ, որ կարող է այսքան դասագիրք շահենք, դա մեր ռիսկն է չէ՞, թուղթ էինք պատվիրում՝ 100 տոննա, 200 տոննա, իսկ էդ թուղթը տենց չի, որ պահեստում դրված է և դու կարող ես գնալ և առնել», - ասաց Մկրտչյանը։
Այս տարի մրցույթներում շահել են նաև տեղական շուկայի ոչ խոշոր ընկերություններ, որոնք Մկրչտյանի խոսքով, հիմա գործընկերներին խնդրում են կիսել պատվերը, որ հասցեն ժամանակին ավարտել։
Ընդհանուր առմամբ, հնարավոր է պետությունը X գումար է տնտեսում, սակայն դեռ հայտնի չէ՝ երբ բոլոր գրքերը կհասնեն դպրոց և որքան կծախսեն դպրոցներն ու ծողները թղթերի ու պատճենահանումների համար։