Մատչելիության հղումներ

Մարցում անհանգիստ են՝ պաշտոնական լուրեր են հասել, որ առաջիկա տարիներին հնարավոր է գյուղի դպրոցը փակվի


Լոռու մարզի Մարցում անհանգիստ են՝ պաշտոնական լուրեր են հասել, որ առաջիկա տարիներին հնարավոր է գյուղի դպրոցը փակվի։ Մինչ կառավարությունից ծրագիրը կրթության բարելավում են համարում, Մարցում տարակուսած են՝ ինչո՞ւ են որոշել ընդամենը 10 տարի առաջ կառուցված դպրոցի փոխարեն հարևան Քարինջում մի ուրիշը կառուցել երկու գյուղերի համար։

Դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը համամիտ է՝ ընդամենը 58 աշակերտի համար երեք անգամ մեծ կրթօջախ պահելն էլ անմիտ ծախս է, բայց ասում է՝ դեռ պատասխան չունի՝ ինչո՞ւ են կառավարությունում որոշել նորակառույց ու բարեկարգ դպրոցը փոխարինել էլի նորակառույցով։

«Մեր դպրոցը կառուցվել է 2014 թվականին, ոչ թե վերանորոգվել է, այլ երկրորդ մասնաշենքը հիմնովին 0-ից կառուցվել է: եթե կա ծախսված գումար, պետության միջոցներով էս շենքը կառուցված է ու գտնվում է իդեալական վիճակում, ճիշտ է, աշխատանքներ կկատարվեն, բայց էնքան չնչին են նորակառույց շենքի համեմատ էդ աշխատանքները», - Սուսաննա Վարդանյանը:

Հայաստանում մինչև 2026 թվականը 300 դպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագիր կա։ Մի մասի շինարարությունն արդեն իրականացվել է, մի մասինն ընթացքի մեջ է։ Թումանյան համայնքի գյուղերում որտեղ աշակերտների թիվն անգամ հարյուրի չի հասնում, դպրոցները կմիավորեն։

Լոռու մարզպետի աշխատակազմից ասում են՝ դեռ վերջնական որոշում չունեն, բայց բարեփոխումների ծրագրով մարզում դպրոցներ կփակվեն. - «Ժամանակի հրամայականին համապատասխան կրթության մակարդակը պետք է ավելի բարելավել ու բարեկարգել ու պետության ունեցած ռեսուրսներն ավելի նպատակային ծախսել: Ըստ այդմ, բնականաբար, դպրոցներ, որտեղ կա 7 աշակերտ, 10 աշակերտ ու կա 20 ուսուցիչ տնօրինության հետ միասին, բնականաբար, նպատակահարմար է միավորել, որով կօպտիմալացվեն աշխատողները, և աշակերտները կլինեն ավելի համախմբված տեղերում ու ավելի լավ կրթություն կստանան»:

Մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանն ասում է՝ Մարցի 10 տարեկան դպրոցն իր տարածքով ու ձևաչափով չի համապատասխանում նոր չափանիշներին։ Նախատեսել են, որ նորակառույցները կունենան հարմարեցված ընդարձակ միջանցքներ ու դասասենյակներ, մարզադահլիճ, խոհանոց, անգամ լողավազան։ Ուստի նախկինում կառուցված դպրոցները նպատակահարմար չեն։

«Նպատակահարմար է, օրինակ, Քարինջի հին շենքը քանդել, կառուցել նոր կրթահամալիր, իսկ Մարցի շենքը, որ տարիներ առաջ հիմնանորոգվել, նոր կառուցվել է, մնա պետգույքի բալանսի տակ, որը կծառայի ավելի լավ նպատակի», - ասաց Հովսեփյանը:

Մարցի դպրոցում նշվածներից միայն լողավազանն է բացակայում, ասում է տնօրեն Սուսաննա Վարդանյանն ու հաշվարկում՝ 169 տեղանոց դպրոցում երեք անգամ պակաս թվով երեխաներ են սովորում։ Քարինջցի աշակերտների հետ ծանրաբեռնվածությունը կմեծանար, ասում է ու պետական միջոցների հնարավոր խնայողություններն առաջ քաշում, մանավանդ, որ հանրապետությունում համայնքներ կան, որտեղ դպրոցի կարիքը չափազանց խիստ է։

«Ես ասում եմ՝ դա հրաշալի բան է, այսինքն, երեխաները հնարավորություն են ունենալու ոչ թե սովորական դասապրոցես, այլ շատ ավելի մեծ հնարավորություններ են ունենալու՝ և՛ սպորտով զբաղվելու, և՛ արվեստով, և՛ լողավազան է լինելու ու ամեն հնարավորություն էլ լինելու է: Ես ուղղակի դրան նայում եմ ուրիշ տեսակետից, ես նայում եմ, որ էդ ամեն ինչը, մնացել է ենթադրենք մի լողավազան պիտի կառուցվի, էդ ամեն ինչը, որ չունի կողքի դպրոցը, ունի մեր դպրոցը, նկատի ունեմ արդեն գումար ծախսված է այստեղ», - նշեց տնօրենը:

Գյուղի բուժքույրը՝ ծանրութեթև է անում՝ վերջին տարիներին Մարցում բնակիչների, նաև նորածինների թիվը գնալով մեծանում է։ Արդյո՞ք դպրոցը հարևան Քարինջ տեղափոխելով հոսքը չի կանգնի ու մեծ թվով ուսուցիչներ անգործ չեն մնա։

«Ոնց որ համայնքները միավորեցին, դպրոցները միավորում են իրար, արդյունքում էս գեղեցիկ դպրոցը, որ ընդամենը շահագործման է հանձնվել 2014 թվականին, էսօր էդ դպրոցը համարում են ոչ լիարժեք: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ 3 գյուղ, ամեն գյուղ ունի 20-25 ուսուցիչ, այսինքն կրճատվեց 100 ուսուցիչ», - ընդգծեց բուժքույրը:

Մարզպետի աշխատակազմից «Ազատությանը» գրավոր հայտնել են, թե դեռ ուսումնասիրում են՝ մարզի ո՞ր դպրոցները կփակվեն վերամիավորումների արդյունքում։ Միաժամանակ տեղեկացրել, որ միայն Լոռիում 35 դպրոց կա, որոնք 50-ից պակաս սովորողներ ունեն։

Այս պահին Թումանյանի գյուղեր տանող ճանապարհը նորոգվում է։ Մարզպետի խորհրդականն էլ խոստանում է՝ փակված դպրոցների աշակերտներին հարևան գյուղեր տեղափոխելու համար ավտոբուսներ կլինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG