Մատչելիության հղումներ

Ֆինանսական միջոցների սղության պատճառով միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ոչ բոլոր կետերն են իրագործվում․ Քերոբյան


Հայաստանի կառավարության ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄժԾ) ոչ բոլոր կետերն են իրագործվում, ինչի պատճառը ֆինանսական միջոցների սահմանփակ լինելն է, հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Պատճառը նա է, որ, բնականաբար, միշտ կա ֆինանսական միջոցների սահմանափակություն, և դա ստիպում է որպեսզի որոշում կայացնողները, ըստ առաջնահերթությունների ընտրեն։ Դա միշտ կա, նույնիսկ ամենազարգացած երկրներում», - ասաց Քերոբյանը։

Շաբաթներ առաջ խորհրդարանում, Տնտեսական հարցերի հանձանժողովի քննարկման ժամանակ, էկոնոմիկայի նախարարը չափազանց անկեղծ էր խոսել, ինչին ի պատասխան, հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը ժպտալով զգուշացրել էր, որ տեսախցիկները միացված են, իրենք էլ ուղիղ եթերում են։

«ՄժԾ-ն մեր խոստումների կեսն արդեն ջրել է՝ էսքան բանը պիտի չանեք ձեր ծրագրերից էլի։ Ահագին բաներ կան, որ դուրս եկած են էսօրվա մեր կառավարության ծրագրից, այսինքն՝ էսօր մենք արդեն գիտենք, որ մեր խոստումների զգալի մասը չենք անելու, չենք անում, որովհետև ՄժԾ-ով փողը դրած չի։ Ես գիտեի օնլայն չենք։ Բայց ամեն դեպքում՝ 300 հատ դպրոց ենք նախատեսել, բայց էդ արագությամբ չի սարքվում էլի։ Ուզում եմ ասել, որ հավանականությունը, որ մենք 300-ն էլ կսարքենք, քիչ է, բայց դրած է, բլոկավորած է, ֆիսկալ տարածքը փակած է», - քննարկման ժամանակ ասում էր Քերոբյանը։

Երեկ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը վստահեցրեց, թե տեղեկանալով, որ քննարկումը հեռարձակվում է՝ ինքը նույն ոգով շարունակել է խոսել ու պնդեց, որ քաղաքացիներից այս առումով գաղտնիքներ չունեն։

«Չի փոխվում խոսակցության ոճը, և, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նմանատիպ քննարկումները՝ թե՛ բաց, թե՛ փակ, նախատեսված են նրա համար, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի։ Կարծում եմ, որ էստեղ որևիցե լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Մենք փորձել ենք այնպես անել՝ այն ծրագրերը, որոնք կառավարությունը նախատեսում է անել, իրականում անենք», - ասաց Քերոբյանը։

Միջնաժամկետ ծախսերը գործադիրն ընդունում է երեք տարի ժամկետով, այդ փաստաթուղթը հիմք է ծառայում ամեն տարի պետական բյուջեի նախագծի համար ու պլանավորում է պետության ծախսերն ու ծրագրերը, սակայն, ինչպես խոստովանեց նախարարը, նաև շարունակ փոփոխվում է՝ ֆինասական վերաբաշխումների ու միջոցների սղության պատճառով։

XS
SM
MD
LG