Մատչելիության հղումներ

Գավառը փոքր շրջան է, բռնության մասին լուրը դուրս է եկել ոչ դպրոցից. տնօրեն


Արտապատկերում Ոստիկանության տեսանյութից
Արտապատկերում Ոստիկանության տեսանյութից

Իրավապահ մարմինները դեռ չեն հստակեցնում՝ որտեղ են այս պահին ծնողների կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված երեխաները, երեկ Ոստիկանությունը միայն հայտնեց, որ 5 անչափահասները մասնագետների հոգածության ներքո են։

Մայրը՝ Աննա Արևշատյանը ձերբակալվեց երեկ համացանցում տեսանյութի տարածումից հետո, որտեղ կինը դաժանորեն ծեծում, մերկացնում, խոշտանգում էր իր անչափահաս դստերը՝ մյուս անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով բռնությանը։ Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով։

Ըստ իրավապահների՝ տեսանյութը նկարահանվել է երեխաների մասնակցությամբ պոռնկագրական նյութեր ստեղծելու և իրացնելու համար։ «Քրեական վարույթով պարզվել է, որ Արևշատյանը այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով՝ իրացնելու դիտավորությամբ իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա է ստեղծել։ Դրա ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ հայտնաբերվե՞լ է արդյոք այն անձը, որն առանց երեխաների դեմքերը փակելու տարածել էր տեսանյութը համացանցում։

Ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական երկու դուստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ միմիայն աղմկահարույց այս տեսանյութը իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։

Երեկ հարևանները «Ազատության» հետ զրույցում խոստովանում էին՝ շենքում ո՛չ թաղային են տեսել, ո՛չ սոցիալական աշխատող։ Քչախոս հարևաններից էլ պարզեցինք, որ համայնքը ընտանիքում առկա խնդիրներին տեղյակ լինելով հանդերձ լռել է, լուծումը տեսել են շենքից, դպրոցից, Գավառից երեխաներին վտարելու ճանապարհով. - «Դպրոց գնում են, դպրոցի բոլոր ծնողկոմիտեները, դպրոցի բոլոր անձնակազմը որոշեցին, որ պիտի հեռացնեն»:

Մարզպետարանից էլ թեև պնդում էին, որ ընտանիքի հետ աշխատանք տարվել է, սակայն չհերքեցին՝ երեխաների բռնաբարության մասին լուրը հայտնի դառնալուց հետո դպրոցից նրանց վտարելու հարց եղել է. - «Արդեն միջավայրն էլ չէր ընդունում, դպրոցն էլ չէր ընդունում, խնդիրներ կային, էլի: Մենք առանձին նաև գնացինք ծնողների հետ հանդիպում ունեցանք, որպեսզի այդ երեխաները դպրոց գնան»:

Գավառի թիվ 4 դպրոցում, որտեղ սովորում էին բռնարար մոր՝ Աննայի 9 ու 12-ամյա դուստրերը, այդուհանդերձ, հակադարձում են՝ երեխաներին դպրոցից վտարելու հարց չի եղել։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը պնդում էր, որ ծնողների անհանգստությունը փարատվել է։

«Նման բան չի եղել, ծնողները, նախ, իրավունք էլ չունեն ստիպեն պարտադրել, ուղղակի ծնողների մեջ ես ինքս խոսակցություններ լսեցի, բա՝ երեխան ո՞նց է գալու դպրոց, և այլն, և այլն, ոչ ստիպելու բան կար, ոչ էլ: Ուղղակի ես հավաքեցի ծնողներին և հորդորեցի, որ ոչ մի բան չանեն, երեխան սովորական երեխա է, իրեն չնայած տարել էին հոգեբանական կենտրոնում 6 ամիս պահեցին, իր հետ աշխատանք տարան, հետո երեխան սովորականի նման վերադարձավ դպրոց», - «Ազատությանն» ասաց Մկրտչյանը:

Հարցին՝ երեխայի շահից ելնելով արդյո՞ք չարժեր, որ դպրոցում ղեկավարությունը այդ հանգամանքը ծնողներից նաև գաղտնի պահեր, տնօրենն արձագանքեց. - «Գավառը փոքր շրջան է, երբ որ արդեն երեխային տարել էր ծնողը զննության և բացահայտվել էր՝ առաջինը, այո, երկրորդի մասին ոչ մի բան չենք իմացել մենք, երկրորդի մասին մենք ուղղակի ապշած ենք, չգիտենք էդ դեպքը երբ է եղել, ոնց է եղել, որովհետև մինչև մայիսի վերջ երեխան հանգիստ եկել է դպրոց, ոչ մի արտառոց բան չի եղել, և սովորականի նման, ասում եմ, մենք էլ ենք ապշած եղել, որ այս դեպքը տեսել ենք»:

«Այդ գաղտնիությունը մենք չենք հրապարակել՝ դուրս է եկել և հիվանդանոցի աշխատողներից, և ընդհանուր տեղեկությունը թե ոնց է տարածվել, ես չեմ կարող ասել, դրա համար մենք ոչ թե ծնողների ստիպելով, այլ հենց մենք՝ ղեկավարության հետ միասին, որոշեցինք խոսենք, որպեսզի ոչ մի ուրիշ բաներ չխոսեն, ուրիշ տեղեկություններ չտարածվի ոչ մի տեղ», - նշեց Գայանե Մկրտչյանը:

Ավագ երեխայի բռնաբարության մասին տեղեկությունը հաստատվել էր անցած տարի սեպտեմբերին, ավելի ուշ դպրոցում նկատել են՝ կրտսեր դուստրը ևս առողջական խնդիրներ ունի, հետագայում բացահայտվեց բռնաբարության երկրորդ դեպքը։

«Դասղեկը նկատել է, որ երեխան գունատ է, ասել է՝ «վատ ե՞ս քեզ զգում», ասեց «փորս ցավում է» ասել է: Կանչել են դպրոց, ծնողը վերցրել է տարել է հիվանդանոց, և արդեն այնտեղ է պարզվել՝ ինչ է կատարվել», - պատմեց դպրոցի տնօրենը:

Ուսումնական մեկ տարվա ընթացքում արդյոք որևէ տարօրինակ բան չե՞ն նկատել ուսուցիչները երեխաների, մոր վարքագծում։ Տնօրենը խոստովանեց՝ դպրոցում հոգեբան չունեն, մանկավարժները միայն դրական նկարագիր են տվել. - «Ի զարմանս մեզ՝ շատ հետևողական ծնող է եղել: Դպրոց այցելում էր, հարցնում էր երեխաների սովորելու, առաջադիմությանն էր հետևում: Ընդհանրապես, երեխաները մաքուր, կոկիկ գալիս էին դպրոց, ոչ մի խնդիր չենք տեսել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հրատապ քննարկում է եղել երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։ Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում՝ քննարկվե՞լ է արդյոք երեխաների հետագա պաշտպանության հարցը, այս ողբերգական պատմության մեջ սոցիալական աշխատողների թերացման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG