Լեռնուտի դպրոցն այս տարի առաջին դասարանցի չի ունենա, չնայած գյուղում վեց տարեկան երեխա կա։
Ընտանիքը նախընտրել է երեք երեխաներին Գյումրիի դպրոցներից մեկը տանել, ասում է տնօրեն Արմեն Կոստանյանը։ Պատճառը տեղի դպրոցի անմխիթար պայմաններն են։
«Մյուս ծնողներն էլ հնար ունենային, կտանեին քաղաք, ուղղակի էս մարդիկ հնարավորություն չունեն, դրա համար տեղի դպրոցի հույսին են մնացել», - «Ազատությանն» ասաց Կոստանյանը։
Լեռնուտի դպրոցը մոտ 30 տարի գործել է տնակներում, որոնք ամբողջությամբ քայքայվել են։ Մեկ տարի առաջ տեղափոխվել են հարևանությամբ գործող գյուղապետարանի շենք։
Մրից ելանք, մրջուրն ընկանք՝ դժգոհում է տնօրենը՝ ցույց տալով խոնավ պատերը։
«Խնրեմ, վերանորոգումը նոր ենք արել, բայց խոնավությունից թափվում է։ Էնտեղ փտած պոլեր էին, զոնտիկով էին էրեխեքը դասի նստում, ստեղ էլ խոնավության դեմ պետք է պայքարենք, որը չենք կարող վերացնել մենակ մեր ուժերով, շենքը չունի օդափոխման համակարգ», - ասաց տնօրենը։
Լեռնուտը, որ լեռների փեշերի վրա է, Գյումրիից ընդամենը 15 կիլոմետր է հեռու, բայց կտրված է մարզկենտրոնից։ Գյուղ տանող ճանապարհը քանդված է, այստեղ արդեն տասը տարի տրանսպորտ չկա։ Այս պայմանների պատճառով գյուղը դատարկվել է՝ 50 տնտեսությունից փաստացի 23-ն է մնացել, դպրոցում՝ 50 աշակերտից՝ 11-ը։
Տնօրենն ասում է՝ գյուղն ամբողջությամբ կդատարկվի, եթե դպրոց ու ճանապարհ չլինի։ Արմեն Կոստանյանը նոր դպրոցի հարցով դիմել է վարչապետին։
Անցած տարի Կրթության նախարարությունից զանգել ու ասել են, որ Լեռնուտի դպրոցն ընդգրկել են մինչև 2026 թվականը կառուցվելիք դպրոցների ցուցակում։
«Դեռ որևէ տեղաշարժ չկա, ոչ մի բան դեռևս չկա, ոչ մի բանից տեղեկացված չենք։ Անցած տարի նախարարությունից զանգահարեցին, ուրախացրեցին, որ ձեր դպրոցը մտած է ծրագիր ու դեռևս լռություն է տիրում։ Ինչքան տեղեկացված եմ՝ շատ տեղերում կառուցումներ գնում են, բայց Լոռնուտի միջնակարգ դպրոցի հարցը մնում է թելից կախված, ավելի շուտ՝ մազից կախված», - ասաց Կոստանյանը։
Աննա Գինոսյանը դպրոցի կենսաբանության ուսուցիչն է, 27 տարի առաջ է այս գյուղ եկել ու տարիների ընթացքում տեսել, թե ինչպես է համայնքը կամաց-կամաց դատարկվում. - «Մոտավորապես 94-95 թվականներից գյուղի բնակիչները դուրս եկան արդեն գյուղից, մեծ մասը Ռուսաստան տեղափոխվեցին՝ տանելով իրենց երեխաներին»:
Դպրոցի աշխատակիցների մի մասը գյուղից է, մի մասը՝ Գյումրիից, որ Լեռնուտ են հասնում մեծ դժվարությամբ։ Եղել են օրեր, որ նույնիսկ ոտքով են գործի եկել՝ մի քանի կիլոմետր կտրելով։
Լեռնուտի վարչական ղեկավար Վազգեն Մխիթարյանը, որը պաշտոնը վերջերս է ստանձնել, գյուղի տների փակ դռներն է ցույց տալիս ու ասում՝ մարդիկ հիմնականում Ռուսաստան են արտագաղթել։
«Ներկա պահին չունենք գնացողներ, բայց փակ դռները շատ-շատ են», - ներկայացրեց Մխիթարյանը:
Առայժմ պարզ չէ գյուղի ո՞ր՝ դպրոցի՞, ճանապարհի՞, թե՞ տրանսպորտի խնդիրն առաջնահերթ կլուծվի։ Երեքն էլ, ըստ էության, կենսական նշանակություն ունեն Լեռնուտի համար, բայց երեքի դեպքում էլ ոչ մի մոտալուտ ծրագիր չկա: