Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքի շուրջ համաձայնության չեն եկել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր համաձայնության չեն եկել հացահատիկի գործարքի շուրջ, մինչ այդ նրանք Սոչիում այսօր մոտ երեք ժամ բանակցություններ են վարել, նախ պատվիրակությունների մասնակցությամբ, հետո դեմառդեմ։

Բանակցություններին հետևած ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք պատրաստ են դարձյալ վերադառնալ հացահատիկի գործարքին, բայց միայն այն բանից հետո, երբ Արևմուտքը կատարի պայմանավորվածությունների իր բաժինը, բավարարի Ռուսաստանի պահանջները։ Ըստ Պուտինի՝ Արևմուտքը նախկինում մի քանի անգամ խոստացել է կատարել Ռուսաստանի պայմանները, Ռուսաստանը ի պատասխան այդ խոստումների երկարաձգել է իր մասնակցությունը սևծովյան հացահատիկային գործարքին, սակայն Արևմուտքը խաբել է։



Հիմա, ըստ Պուտինի, եթե Արևմուտքը «Ռոսսելխոզբանկը» միացնի SWIFT համակարգին, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրվող պահեստամասերի մատակարարումների վրա դրված արգելքը վերացնի, հանի պատժամիջոցները ռուսական ընկերությունների վրայից, Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարք։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարեց, որ խոստումներ էին հնչել հացահատիկի միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբարյալ, սակայն այդ խոստումը ևս Ուկրաինան չի պահում։

«Մյուս կողմն այդ սևծովյան միջանցքը օգտագործում է ռազմական նպատակներով, ինչպես նաև հարձակումներ են կատարում գազատարների վրա, որ գազ են հասցնում Թուրքիա, այդ թվում և անօդաչուներով հարձակումներ ուկրաինական սևծովյան նավահանգիստներից։ Մենք պատրաստ ենք գործարքին վերադառնալ, եթե պայմանավորվածությունները կատարվեն», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Ֆիդանի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը


Այնուամենայնիվ, Պուտինը հայտարարել է, որ առանց հացահատիկի գործարքի վերսկսման Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի տարածքով արտոնյալ գնով մինչև 1 մլն տոննա հացահատիկ մատակարարել ամենաաղքատ աֆրիկյան երկրներ։ Այս հարցում Մոսկվան և Թուրքիան կներգրավեն նաև Քաթարին։

Պատասխանելով Ուկրաինայի հակահարձակմանը վերաբերող հարցին՝ Պուտինը նշել է, որ հակահարձակումը ձախողվել է. - «Ուկրաինայի հակահարձակումը տեղում չի դոփում, այն պարզապես ձախողվել է։ Այսօրվա դրությամբ հենց այդ տպավորությունն է, տեսնենք՝ հետո ինչ կլինի, հույս ունեմ՝ հետագայում էլ այդպես կլինի, բայց Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, և Թուրքիայի նախագահը այսօր էլ այդ հարցը բարձրացրեց, և ես դարձյալ վերահաստատեցի, որ պատրաստ ենք բանակցությունների»։


Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Թուրքիայում պլանավորվող գազային հանգույցը, 2024 թվականին «Աքքույու» ատոմակայանի գործարկումը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում։


Հացահատիկի գործարքը, ըստ որի սննդամթերքն արտահանվում էր Ռուսաստանի կողմից արգելափակված Սև ծովի նավահանգիստներից, կնքվել էր 2022 թվականի հուլիսին։ Քառակողմ համաձայնագիրը ստորագրել էին Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։ Համաձայնագրով սահմանվել են Ռուսաստանի և Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի անարգել արտահանման պայմանները՝ միջնորդների երաշխիքներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերականգնել հացահատիկի տեղափոխման գործարքը

Հուլիսի 17-ին Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից։ Մոսկվան հայտարարեց, թե արտահանվող ցորենի մեծ մասը չի հասնում հասցեատիրոջը՝ աղքատ աֆրիկյան երկրներ, իսկ Արևմուտքը չի իրականացնում իր պատրավորությունները Ռուսաստանի նկատմամբ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել


Մինչ այդ Ուկրաինայում այսօր պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա X-ում գրել է, որ հրաժարականը ներկայացրել է Գերագույն ռադայի նախագահին, և որ իր համար պատիվ էր ծառայել Ուկրաինայի ժողովրդին երկրի ժամանակակից պատմության ամենածանր 22 ամիսների ընթացքում:


Ավելի վաղ՝ կիրակի օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ որոշել է փոխել պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին, և որ նրան կփոխարինի Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը, ում թեկնածությունն առաջիկայում կներկայացնի խորհրդարանի հաստատմանը։

«Ես որոշել եմ փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի քան 550 օր անցել է լայնածավալ պատերազմի միջով: Կարծում եմ, որ նախարարությանը նոր մոտեցումներ և այլ ձևաչափեր են անհրաժեշտ ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակության հետ փոխգործակցության համար, այժմ նախարարությունը պետք է ղեկավարի Ռուստեմ Ումերովը: Ուկրաինայի Գերագույն ռադան նրան լավ է ճանաչում, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացման կարիք չունի: Ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այս թեկնածուին, աշունը հզորանալու ժամանակ է», - ասել է նախագահը։


Հրաժարական ներկայացրած Ալեքսեյ Ռեզնիկովը պաշտպանության նախարարի պաշտոնում իր հիմնական ձեռքբերումը համարում է արևմտյան գործընկերներից ժամանակակից զինամթերք ստանալը, դրանց թվում շուտով կարող են լինել նաև ժամանակակից կործանիչներ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի քանի սկանդալների մեջ էր հայտնվել հենց զենքի մատակարարման համակարգի թերությունների և բանակի համար ուռճացված գներով մթերքի մատակարարումների պատճառով։

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարը՝ 41-ամյա Ռուստեմ Ումերովը Ղրիմի թաթար է, կրթությամբ տնտեսագետ, աշխատել է հեռահաղորդակցության և ներդրումային բիզնեսում, եղել է Ղրիմի թաթարների մեջլիսի անդամ և մեջլիսի նախագահ Մուստաֆա Ջեմիլևի օգնականը մարդու իրավունքների և միջազգային հարաբերությունների գծով։

Ռուսական ներխուժումից հետո Ումերովը Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ էր, և ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ հնaրավոր է թունավորվել է այդ բանակցությունների ժամանակ, սակայն ինքը՝ Ումերովը հերքել է այդ վարկածը։

Ումերովը ներգրավված է եղել նաև գերիների փոխանակման գործընթացում։ Տիրապետում է ոչ միայն անգլերենին, այլև թուրքերենին։

Ուշագրավ է, որ ղրիմի թաթարին պաշտպանության նախարար նշանակելու մեջ Կիևում որոշ ուղերձ են նկատում Ուկրաինայի արևմտյան գործընկերներին, ովքեր ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը պատկերացնում են որոշ տարածքներ, այդ թվում՝ Ղրիմը Ռուսաստանին թողնելով, ինչին Ուկրաինան համաձայն չէ։