Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մոտ մեկուկես ժամ տևած առանձնազրույցն ավարտվել է, հանդիպման արդյունքում կողմերի միջև փաստաթուղթ չի ստորագրվել։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Կրեմլի ղեկավարը կրկնել է Արևմուտքի հասցեին իր մեղադրանքը, թե Ռուսաստանին «խաբել» են սևծովյան նախաձեռնության հարցում և «ուղղակի դրդել» Մոսկվային դուրս գալ գործարքից։ Այդուհանդերձ, ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է «վերակենդանացնել» համաձայնագիրը, եթե գործընկերները կատարեն Ռուսաստանի առաջ քաշած պայմանները՝ վերադարձ SWIFT համակարգին, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրվող պահեստամասերի մատակարարումների վերսկսում, տրանսպորտային լոգիստիկայի և ապահովագրության ապաշրջափակում, Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնում, պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների ակտիվների «ապասառեցում»։

Ռեջեփ Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հետ բանակցություններում։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի հետ Սինոպում ևս մեկ ատոմակայանի համատեղ կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հավելել, որ հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները կշարունակվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG