Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Թուրքիայի արտգործնախարարի երկօրյա այցը Մոսկվա


Լավրովն ու Ֆիդանը քննարկելու են նաև Անդրկովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը խորացնելու հարցերը:

Այսօր մեկնարկում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի երկօրյա այցը Մոսկվա։ Նա բանակցելու է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցային օրակարգի մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ նրանք նաև մանրամասն վերլուծելու են Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը։

Տարածաշրջանային խնդիրներից Մոսկվան նշում է, որ նախարարները մեծ ուշադրություն են դարձնելու Թուրքիայի ու Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպման հիմնական հարցերից մեկը վերաբերելու է հացահատիկի արտահանման այլընտրանքային գործարքին։ «Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները մտադիր են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը կյանքի կոչելու պարամետրերը», - հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Պուտինի նախաձեռնությունը ենթադրում է զեղչված գներով, Կատարի ֆինանսավորմամբ, 1 միլիոն տոննա ռուսական հացահատիկի առաքում Թուրքիա՝ թուրքական ձեռնակություններում այն մշակելու և ավելի կարիքավոր երկրներ մատակարարելու համար։ Մոսկվան այդ ծրագիրը դիտարկում է որպես սևծովյան գործարքին օպտիմալ այլընտրանք։

Լավրովն ու Ֆիդանը նաև մտքեր են փոխանակելու ուկրաինական ճգնաժամի իրավիճակի շուրջ, քննարկելու են քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավոր ուղիները, շոշափվելու է հումանիտար թեման, մասնավորապես՝ գերիների փոխանակման վերաբերյալ։

«Ռուսական կողմը նաև պլանավորում է բարձրացնել Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կործանարարության թեման», - նշված է հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Նախատեսվում է քննարկել նաև ռազմավարական ծրագրերի համատեղ աշխատանքը, ինչպիսին են «Ակկույու» ատոմակայանի շինարարությունը, որի առաջին էներգաբլոկը գտնվում է բարձր պատրաստվածության աստիճանի վրա, «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, Թուրքիայի տարածքում գազային հանգույցի ստեղծումը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հանդիպման օրակարգի մասին ավելի զուսպ է արտահայտվում՝ նշելով, որ քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցրերը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։

Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիան ուղիներ է փնտրում հացահատիկի գործարքը վերականգնելու համար, և այդ նպատակով Ֆիդանը բանակցություններ է վարել Կիևում, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի հետ։ Թեև Ուկրաինան և որոշ երկրներ աշխատում են այլ ճանապարհներ օգտագործել ուկրաինական հացահատիկի արտահանման համար, Անկարան գտնում է, որ Ռուսաստանը ևս պետք է ներառվի նախաձեռնությունում՝ համաշխարհային շուկա արտահանման անվտանգության ու արդյունավետության համար։

Հաքան Ֆիդանի այցը նախորդում է Ռեջեփ Էրդողանի ակնկալվող այցելությանը Ռուսաստան: Ակնկալվում է, որ այն տեղի կունենա մոտ օրերս՝ մինչև Էրդողանի Հնդկաստան մեկնելը, որտեղ Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 9-10-ը մասնակցելու է Մեծ քսանի հանդիպմանը։ Պուտինը Հնդկաստան չի մեկնելու։

XS
SM
MD
LG