Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը։ Հանդիպումից հետո Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է, որ Ֆիդանի հետ «շատ կարևոր հարցեր» է քննարկել, մասնավորապես հացահատիկի մատակարման հարցը։
Կողմերը քննարկել են նաև Կիևի կողմից առաջ տարվող խաղաղության բանաձևը։
Սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հացահատիկի գործարքի վերսկսումը կլինի Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների հիմնական թեման։ Նույն թեման Թուրքիայի արտգործնախարարը նախատեսում է քննարկել Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ ներկայումս մշակվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Ռուսաստան, սակայն, հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվում։
Հացահատիկի գործարքն ավարտվել է հուլիսի 17-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ նշել էր, որ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, դրա պայմանները չեն կատարվել, քանի որ արևմտյան երկրները չեն պահել իրենց խոստումը։ Ռուսաստանի ղեկավարը բազմիցս մեղադրել է Արևմուտքին ուկրաինական հացահատիկի մեծ մասն իրենց երկրներ արտահանելու համար, մինչդեռ գործարքի հիմնական նպատակը՝ կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարումն էր, որն ըստ Պուտինի, այդպես էլ չի իրականացվել։