ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը խոսել է Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության մասին՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին Վրաստանի գործող կառավարության հավատարմությունը։
«Ժողովրդավարական արժեքներին վրացական կառավարության հավատարմության հետ կապված հարցերը պահպանվում են: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, թե ինչպես են վարվում ձեր երրորդ նախագահի հետ բանտում»,- ասվում է Սպիտակ տան նախկին ղեկավարի հատուկ ուղերձում, որը պաշտնաթող նախագահը հղել է Թբիլիսիում ընթացող «Պուտինիզմի հաղթանակը» միջազգային համաժողովի մասնակիցներին։
Ջորջ Բուշ կրտսերի խոսքով՝ ամբողջ աշխարհի ուշադրությունն այժմ սևեռված է Ուկրաինայի վրա։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի արդյունքը հսկայական ազդեցություն կունենա ժողովրդավարության և ազատության վրա աշխարհում, այդ թվում՝ Վրաստանի։
«Շատերին է անհանգստացնում ձեր երկրում Ռուսաստանի աճող ազդեցությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդը։
2001-2009 թվականներին Սպիտակ տունը ղեկավարած Ջորջ Բուշը ԱՄՆ-ի միակ նախագահն է, որն այցելել է Վրաստան։ Դա տեղի է ունեցել 2005 թվականին՝ Սաակաշվիլիի նախագահության օրոք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլի. «Իմ այս վիճակի համար մեղավոր են Իվանիշվիլին և Պուտինը»