Մատչելիության հղումներ

Լեհ բժիշկներ են մեկնել Թբիլիսի՝ Սաակաշվիլիին հետազոտելու նպատակով


Միխեիլ Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին երեկ տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ, մի խումբ լեհ բժիշկներ են մեկնել Թբիլիսի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համալիր բժշկական հետազոտության նպատակով։

Անցած ամիսներին Վրաստանի իշխանությունները թույլ չէին տալիս օտարերկրյա բժիշկներին բուժզննում անցկացնել «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին։

Հուլիսի 12-ին Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական վարչության պետ Մալխազ Ուրթմելիձեն հատուկ հայտարարությամբ տեղեկացրել է, որ Սաակաշվիլին սկսել է քաշ հավաքել։

«Երբ ուտում է, նորմալ քաշ է հավաքում, իրեն լավ է զգում, չուտելու դեպքում ՝ վատանում է։ Շուտ ապաքինվելու դեպքում՝ նրան բանտ կտեղափոխենք»,- ասել է Ուրթմելիձեն։

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները Վրաստանի կառավարությանն առաջարկել էին Սաակաշվիլիին բուժման ուղարկել Լեհաստան, սակայն Թբիլիսին մերժել էր այդ առաջարկը։

8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում՝ գտնվելով անազատության մեջ:

XS
SM
MD
LG